Մեկ անձից հրատապ կատարվող գնումները նվազել են. նախարար

2 Min Read

Հայաստանում «հրատապ մեկ անձով» իրականացված ընթացակարգերի դերն ընդհանուր գնումներում 2023-ին զգալիորեն նվազել է՝ կազմելով ընդհանուրի շուրջ 6 տոկոսը: 

Այս մասին խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2023 թվականին «հրատապ մեկ անձով» իրականացված ընթացակարգերի դերն ընդհանուր գնումներում զգալիորեն նվազել է՝ կազմելով ընդհանուրի շուրջ 6 տոկոսը՝ 2022 թվականի 10 տոկոսի համեմատ: Համաձայն մեր գնահատականների՝ առանց ԼՂ ճգնաժամի՝ այս ցուցանիշի մակարդակը կարող էր նվազ լինել անգամ 5 տոկոսից»,-ասել է Հովհաննիսյանը:

Մրցակցային ընթացակարգերի դերն ընդհանուրի մեջ աճել է՝ կազմելով 87.6 տոկոս՝ 2022-ի 83 տոկոսի համեմատ: Այս միտումը շարունակվել է նաև 2024 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում, ցուցանիշն աճել է մինչև 94.2 տոկոս՝ 2023 թվականի նույն ամիսների 88.3 տոկոսի համեմատ:


Հարկերից խուսափող տնտեսվարողը ոչ պակաս մեղավոր է կոռումպացված պետական աշխատողից. Հովհաննիսյան


Նախարարը հավելել է, որ հաճախ մրցույթներում հաղթած մասնակիցները չեն կարողանում մատակարարել այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք հանձն են առնում: Մատակարարվող ապրանքները կամ ծառայությունները հաճախ իրագործում են մեծ ուշացումներով և չեն ապահովում պահանջված որակական, տեխնիկական բնութագրիչները:

«Ուստի գնումների համակարգը բարելավելը միայն կարգավորումների բարելավման հարց չէ: Գնումների համակարգը բարելավելը միակողմանի, միայն մեզնից կախված գործառույթ չէ, այլ նախևառաջ հիմնականում կարողությունների հարց է: Պատվիրատուն հստակ և բոլոր մանրամասնություններով պետք է իմանա, թե ինքն ինչ է ուզում ստանալ, պետք է կարողանա նկարագրել ուզածն ու գնահատական տալ ստացված արդյունքին»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Ֆինանսների նախարարությունն այս ուղղությամբ ընթացակարգերը պարզեցնելուն զուգահեռ ակտիվացրել է խորհրդատվական գործառույթը, տրամադրել է աջակցություն ավելի քան 1800 ընթացակարգի:

«Արդյունքն այն է, որ մրցակցային ընթացակարգերում միջին մասնակցությունը 2022 թվականի 1.9-ից աճել է՝ 2023-ին հասնելով 2.2-ի: Թիրախը միջինում 3 մասնակիցն է,- նշել է նա:


Համակարգը սովորում է «ջերմոցային» պայմաններում աշխատելուն․ հարկային արտոնությունները պետք է լինեն ժամանակավոր․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Կիսվեք այս հոդվածով