Տեղահանվածներին տրվող աջակցության ծրագիրը որոշ չափով կվերանայվի

2 Min Read
2025 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվաող 40+10000 աջակցության ծրագրի շահառուների թիվը հնարավոր է վերանայվի։
Այս մասին ԱԺ-ում 2023 թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա հիշեցրել է, որ 1 ամիս առաջ ՀՀ կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային երկարաժակետ աջակցության ծրագիրը, որի իրականացումը կմեկնարկի մի քանի օրից։
Աջակցության շահառու կլինեն այն անձինք, որոնք մտադիր են Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատել։ Պարտադիր պայման է այն, որ ծրագրի շահառու ընտանիքների բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ։ Այն ընտանիքները, որոնք գնված կամ կառուցված բնակարանում կապրեն 10 տարի, կստանան սեփականության վկայական։
«Հաշվի առնելով, որ բնակարանային կարիքների հասցեագրման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի որոշակի փուլերով, և մեր հայրենակիցների մի մասը կկարողանան ծրագրային աջակցությունից օգտվել 2-րդ, 3-րդ կամ 4-րդ տարում, նրանք կշարունակեն մնալ վարձակալության ծրագրերի (40 + 10000 դրամ աջակցության ծրագիր) շահառու նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո։ Սակայն այժմ գործող 40 + 10000 դրամ աջակցության ծրագիրը որոշ չափով իր բովանդակությամբ կվերանայվի` բարձրացնելով դրա սոցիալական թիրախավորումը»,–ասել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները։ Հավանական է, որ 2025 թվականի հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատանքային տարիքի անձանց համար ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու թոշակառուներիին։

Նա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կոչ է արել ծանոթանալ աջակցության ծրագրերին, տալ հարցեր, որոնք կարող են օգնել իրենց որոշումները վերջնական կայացնելու համար ու իրացնել ծրագրով նախատեսված բնակարանի գնման կամ տան կառուցման իրավունքը։
Փոխվարչապետը հավելել է նաև, որ 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար անձ աշխատանք է գտել։ Հաշվառված անհատ ձեռնարկատերերի քանակը գերազանցում է հազարը։

Կիսվեք այս հոդվածով