Խորհրդարանը քննարկել է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է ՀՆԱ-ի 23.9 տոկոսը:
«2023 թվականին եկամուտների 94,2 տոկոսը ձևավորվել է մեր քաղաքացիների և բիզնեսների կողմից վճարված հարկերի և տուրքերի միջոցով ու նախորդ տարվա ցուցանիշից ավելի է եղել 0,7 տոկոսային կետով: Հետաքրքիր է նաև նկատել, որ 2023 թվականին մեկ շնչին բաժին ընկնող միջին հարկի ցուցանիշը կազմել է գրեթե 750 հազար դրամ:
Համեմատության համար նշեմ, որ 5 տարի առաջ մեկ շնչին բաժին ընկնող հարկի ցուցանիշը կազմում էր 424 հազար դրամ, իսկ 10 տարի առաջ՝ 331 հազար դրամ: Նշածս ցուցանիշները ոգևորվելու և հպարտանալու տեղիք են տալիս: Եվ սա է հիմնավորումը, որ մենք դարձել ենք ավելի հարուստ, ավելի արտադրողական և ավելի մրցունակ՝ մի կողմից, մյուս կողմից՝ հարկման համակարգում փորձում ենք հնարավորինս արդարացի և հավասար բաշխում իրականացնել, ինչպես նաև հարկման տարբեր համակարգերի միջև համադրելի և արդարացի հարկային բեռ սահմանելու ուղղությամբ էական աշխատանքներ ենք տանում»,- ասել է նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ հարկեր վճարելը ոչ միայն ֆինանսական կարիքները բավարարելուն կամ երկրի կառուցման գործում մեր մասնակցության չափի մեծացմանն է ուղղված, այլև սոցիալ-տնտեսական արդարության վերականգնման նպատակ է հետապնդում:
«0.7 տոկոսային կետով հարկեր-ՀՆԱ բարելավումը նաև հարկային վարչարարության մեծ ջանքերի արդյունք է: Հարկային վարչարարությունը, ինչն ուղղված է ստվերի կրճատմանը, ապահովում է փողի կայուն ներհոսքը բյուջե, միաժամանակ վերականգնում, ուշքի բերում խաթարված արդարությունը: Հարկ վճարելուց խուսափել՝ ուղիղ իմաստով նշանակում է գողանալ հանրային բարիքը, լայն իմաստով՝ նշանակում է վնասել տնտեսական գործունեություն իրականացնող մյուս քաղաքացիների ոգևորությունը և շարժառիթները, էլ ավելի լայն իմաստով՝ խոչընդոտում է արդարության իրագործմանը և հավասար հնարավորություններ ունենալու կենսական նախապայմանին: Հարկերից խուսափող տնտեսվարողը ոչ պակաս մեղավոր է կոռումպացված պետական աշխատողից: Եվ քանի որ մենք խիստ պայքար ենք մղում պետական համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ, խստացնում ենք նաև հարկերից խուսափելու համար սահմանված պատժի մեխանիզմները»,- ասել է Հովհաննիսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում