Աղետի գոտում 24 վնասված կամուրջ կա, 16-ը շահագործման պիտանի չեն. նախարար

2 Min Read

Կառավարությունը Տավուշի և Լոռու մարզերի 9 համայնքում հայտարարեց աղետի գոտի: Այդ 9 համայնքում միասին 39 բնակավայր կա, այս տարածքում ապրում են մոտ 113 հազար քաղաքացիներ, որոնք որևէ կերպ առնչվել են այդ աղետի հետ կամ տուժել դրանից: Տարհանվել է 443 բնակիչ, զոհվել են 4-ը: ՆԳՆ ՓԾ-ի շուրջ 1419 փրկարար ներգրավված է եղել աշխատանքներում:

Այս մասին Ազգային ժողովի նիստին ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով աղետի գոտում աշխատանքների ընթացքը:

Ըստ նախարարի՝ ճանապարհների մասով երկու խումբ լուրջ խնդիր է գրանցվել.

«Մ4 միջպետական ճանապարհի շուրջ 11 հատված տարբեր վնասվածություններ ունի, 5-ը՝ շատ ավելի լուրջ, որն էլ պատճառ է դարձել, որ մի շարք տեղերում միակողմանի է երթևեկելի, իսկ Մ6 ճանապարհը վնասվել է 43 հատվածում, մի շարք հատվածներում՝ ամբողջ ճանապարհը: Բայց պետք է ասել, որ և՛ Մ6, և՛ Մ4 ճանապարհները հիմա երթևեկելի են հսկայածավալ աշխատանքի արդյունքում»:

Սանոսյանը հայտնել է, որ աղետի գոտում 24 վնասված կամուրջ կա, որից 16-ը շահագործման առումով պիտանի չեն: Դրանց մի մասը համայնքային փոքր կամուրջներ են, իսկ մյուս մասը՝ 6-7 կամուրջ, ավելի խոշոր են, և դրանց փոխարեն նոր կամուրջներ է պետք կառուցել: Այդ խոշոր կամուրջներն են՝ Հոբարձիի կամուրջը, Սանահին կայարան թաղամասի կամուրջը, Ախթալայի, Քարկոփի, Այրումի և Խաշթառակի կամուրջները:

«Սրանք ամենախոշոր կամուրջներն են, որոնք այլևս երթևեկության համար պիտանի չեն, և բոլորի դեպքում անհրաժեշտ է նոր կամուրջներ կառուցել: Մյուսների պարագայում վնասվածքներ կան, բայց հնարավոր է որոշակի վերականգնողական աշխատանքներ իրականացնել և շահագործել»,- նշել է նա:

Երկաթուղին ևս լրջագույն վնասվել է Այրում կայանից մինչև Սանահին կայարան: Այդ 27 կմ հատվածում մոտ 1800-ից մինչև 2000 մետր տարբեր կտորներով լրջագույն վնասվել է, որոնք հիմա ակտիվ վերականգնողական փուլում են: Երկաթուղուն կից ենթակառուցվածքներում ևս վնասվածքներ կան:

Վնասվել է նաև 19 գազատար, բայց այս պահին գազամատակարարումը հիմնականում վերականգնված է: Ջրամատակարարման առումով ևս գրաֆիկը հիմնականում վերականգնված է: Վնասվել կամ ջրածածկ է եղել 153 ավտոմեքենա, նաև երկու մարզերում ընդհանուր առմամբ 843 շենք-շինություն է վնասվել կամ փլուզվել:

 

Կիսվեք այս հոդվածով