Ջրային ոլորտում ենթակառուցվածքների բարեկավմանն ուղղված կապիտալ ծախսերը կազմել են 20 մլրդ դրամ. փոխվարչապետ

2 Min Read

Ճանապարհաշինական ծրագրերով հիմնանորոգվել, միջին նորոգվել, վերակառուցվել, կառուցվել և սալարկվել են ավելի քան 800 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, 501 կմ ճանապարհների գծով աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, այդ թվում՝ 321 կմ հիմնանորոգելու և 149 կմ միջին նորոգելու եղանակով: Վերականգնվել են 57 կամրջային անցումներ:

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում Աշտարակ-Թալին հատվածում 42 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի վերակառուցման նպատակով իրականացվել է 2 միջազգային մրցույթ, և աշխատանքները մեկնարկել են: Ավարտվել է Քաջարան-Ագարակ-Իրանի սահման 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների միջազգային մրցույթը, որի շրջանակում աշխատանքները նույնպես սկսված են»,- նշել է Խաչատրյանը:

Ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների գծով 2023-ի հանրագումար ծախսը կազմել է 100.4 մլրդ դրամ կամ պետբյուջեով նախատեսված պլանային ցուցանիշի մոտ 97 տոկոսը:
Փոխվարչապետը հայտնել է նաև՝ զգալի ներդրումներ են կատարվել ոռոգման և խմելու ջրի մատակարարման ենթակառուցվածքներում:
Նրա խոսքով՝ իրականացվել են 65 կմ ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքներում կառուցվել և նորոգվել են 287 կմ ջրամատակարարման և ջրահեռացման ջրագծեր և 229 կմ ոռոգման ենթակառուցվածք:
2023-ին շարունակվել են Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները, ներառյալ ջրամբարի հիդրոմեխանիկական սարքավորումների տեղադրման գործընթացը, կնքվել է Կապսի ջրամբարի կառուցման պայմանագիրը, և շինարարական աշխատանքները մեկնարկել են:
«Ընդհանուր առմամբ, ջրային ոլորտում ենթակառուցվածքների բարեկավմանն ուղղված կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ: Ավելի քան 5 մլրդ դրամ արժողությամբ կապիտալ ներդրումներ են իրականացվել էներգետիկ համակարգում ենթակառուցվածքների, այդ թվում՝ բարձրավոլտ էլեկտրամատակարարման ենթակայաններում»,- նշել է նա:
Կիսվեք այս հոդվածով