ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆինանսների նախարարին հարցրել է բուժհաստատություններին պետպատվերի դիմաց մոտ 3 մլրդ դրամ պարտքից:
Նախարարը նշել է, որ այդ պարտքը կֆինանսավորվի մինչև տարեվերջ, բայց բժշկական հաստատությունների ծախսերը ամսական են։
«Եվ մի նման վատ իրավիճակ կարող է ստեղծվել և անցյալ տարվանից սա կա, երբ բժշկական հաստատությունները չեն վճարել աշխատավարձերը ժամանակին, որովհետև չեն ֆինանսավորվել։ Անցյալ տարի էլ է որոշ տեղերում նման իրավիճակ եղել, մի երկու-երեք ամիս ուշացում է եղել, հետո տնօրենները տեսչական մարմինների կողմից տուգանվել են մեծ թվերով, տնօրեններն անձամբ տուգանվել են աշխատավարձ չտալու համար, թեև չէին կարող տալ, որովհետև չեն ֆինանսավորվել»,- ասել է նա։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ իրենք ռիսկերի մասին տեղեկացրել են.
«Տեղեկացրել ենք, որ կարող են լինել ռիսկեր, բայց մեր գործընկերները մեծ տվյալների հիման վրա կանխատեսել են, որ մեծ շեղումներ չեն լինի։ Այն շեղումները, որ հիմա կան, որի պատճառով հավելյալ գումար հատկացրինք, մեծ չեն այդ ծավալների համեմատ. թույլատրելի շեղումներ են։ Բայց մենք պետք է նայենք մեր հնարավորությունների տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է այս համակարգը գործի, որ հավելյալ անսպասելի ֆինանսական պարտականություններ չառաջանան մեզ համար»։
Արսեն Թորոսյանն էլ արձագանքել է, որ եթե բուժհաստատության այդ պահի 5 ամսվա շրջանառության մոտ 10%-ն է կազմում գումարը (մի դեպքում՝ 250 մլն, 300 մլն, 130 մլն), ապա դա շատ մեծ թիվ է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում