Իտալիայում սարսափելի կանխատեսում է արվել երկրում գազի պաշարների վերաբերյալ

2 Min Read

Իտալիայի Հանրային ծառայություններից օգտվողների ազգային ասոցիացիան հայտարարել է, որ երկրում գազի պաշարները բավարար չեն ամբողջ բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու համար։ Այդ մասին գրում է РИА Новости-ն, հղում անելով La Stampa-ին։

Կազմակերպությունը հրապարակել է տվյալներ իտալական գազամատակարարման համակարգի հնարավորությունների մասին՝ քննադատելով Իտալիայի էկոլոգիական անցման հարցերով նախարար Ռոբերտո Չինգոլանիի էներգախնայողության ծրագիրը։

Ըստ  La Stampa-ում հրապարակված հոդվածի՝ գազի ներկայիս պաշարներով և մատակարարումներով պատասխանատու ընկերությունները չեն կարողանում գազով ապահովել իրենց բոլոր բաժանորդներին, և ձմեռային էներգիայի պաշարները կարող են բավականացնել ոչ ավելի, քան 45 օր։ Վերջինս էլ կարող է հանգեցնել արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության դադարեցման:

Ըստ Assouenti՝ տեղական գազի հանքավայրերն ապահովում են Իտալիայի տարեկան կարիքների մոտ 20 %-ը, իսկ իշխանությունները պահեստարաններում կուտակել են գազի պահանջվող քանակի միայն 82,56 %-ը։ Այսպիսով, ընտանիքներն ու տնտեսվարողներն իրենց տրամադրության տակ ունեն մոտ 15 մլրդ խմ, մինչդեռ ձմեռային սեզոնին գազի սպառումը հասնում է օրական 400 մլն խմ-ի։

Ասոցիացիայի նախագահ Ֆուրիո Տրուզին առաջարկել է Իտալիայում ջեռուցման սեզոնի սկիզբը երկարաձգել մինչև 15 օր և ավարտել այն ևս 15 օր շուտ՝ առկա պաշարները բաշխելու ուղղությամբ։

Հիշեցնենք, ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի դեմ։ Շատ երկրներ հայտարարել են ռուսական ակտիվների սառեցման մասին և սկսել ուղիներ մշակել ռուսասական էներգիայից հրաժարվելու համար։ Այս միջոցները, սակայն, խնդիրներ են հարուցել Եվրոպայի և ԱՄՆ-ի համար՝ առաջացնելով սննդամթերքի և վառելիքի գների աճ։

 

Կիսվեք այս հոդվածով