Ազգային ժողովի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր, ինչպես նաև ՀՀ-ի՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ-ին) միանալու մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
ԵՆԱԲ-ին անդամակցում են 100-ից ավելի երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են հարևան Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը: Բանկին անդամակցումը ՀՀ-ի համար հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր նեդրումային ծրագրերին: Անդամակցումը նաև նոր խթան կհաղորդի հայ-չինական տնտեսական և քաղաքական երկխոսությանը:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» նախագիծը, համաձայն որի՝ ՀՀ-ում աշխատանքի անցած ԼՂ-ից տեղահանվածների կենսաթոշակային ֆոնդերը, որոնք գործել են ԼՂ-ում, իսկ բռնի տեղահանումից հետո գործում են նաև Հայաստանում, կմիանան:
ԼՂ կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստր վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերից էր նաև «Ոստիկանության մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Վերջինիս համաձայն՝ սահմանվել է կազմակերպությունների և տնտեսվարողների ցանկ, որոնք պարտավորվում են իրենց կազմակերպությունների, շինության մուտքը, և չորս կողմերն ապահովել տեսահսկման համակարգերով:
Ըստ այդմ՝ պարտադիր պահանջ է դրվում բանկերի, վարկային կազմակերպությունների, դպրոցների, համայնքային կառույցների, զենքի վաճառքով զբաղվող ընկերությունների, սննդի օբյեկտների, առևտրով զբաղվող մեծ ընկերությունների վրա, և նրանք բոլորը պարտավոր կլինեն 1 տարվա ընթացքում ոստիկանությանը 24-ժամյա ռեժիմով հասանելիություն տալ իրենց տեսախցիկներին:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Խաղային գործունեության կարգավորման մասին» և կից օրինագծերի փաթեթը: Ըստ նախագծի՝ առանձնացվել է հարկման երկու ռեժիմ՝ խոշոր շահում և ուղղակի շահում:
Խոշոր շահման շեմ է սահմանվել 5 մլն դրամը: Եթե միանվագ շահումը գերազանցում է 5 մլն դրամը, ապա խաղի կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ, պարտավոր է 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկ փոխանցել պետական բյուջե:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում