Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.9 տոկոս և բարելավվել է նախորդ տարվա համեմատ 0.7 տոկոսային կետով:
Զարգացած երկրներում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը միջինում կազմում է 34 տոկոս: Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ 2023 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Ինչպե՞ս կարող են զարգացած երկրները միջինում հավաքել 24 տոկոս հարկ և շարունակել լինել զարգացած երկրի կարգավիճակում, իսկ Հայաստանում այս կամ այն ոլորտի կողմից առաջ բերվեն հարկային արտոնություններ ստանալու առաջարկներ, առանց որոնց հայկական ապրանքները կամ ծառայությունները չեն կարող լինել մրցունակ միջազգային շուկայում: Ավելին, ստացվել է այնպես, որ նախկինում տարբեր իրավիճակներում և տարբեր հանգամանքների բերումով լայն շրջանակներին տրամադրվել են հարկային արտոնություններ, սակայն հետագայում պատշաճ վերլուծություն և հանրային քննարկում չեն կազմակերպվել այն հարցերի շուրջ, թե արդյոք այդ արտոնությունների շարունակական, անվերջ կիրառումը հիմնավորվո՞ւմ է արդյունավետության, արդարության և ներկայիս առաջնային նպատակներին հասնելու համատեքստում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ արտոնություններն աստիճանաբար վերացնելու օբյեկտիվ հարց է ծագում և պարզագույն տրամաբանություն է այն, որ հարկ վճարելու արդյունքում է կայանում և հզորանում պետությունը:
«Ավելի պարզ տրամաբանություն է այն, որ որքան շատ հարկեր, այնքան զարգացած և առաջադեմ պետություն: Հարց է մնում այն, թե արդյոք տնտեսվարողն ունի՞ այն միջավայրը, որտեղ կարող է դառնալ մրցունակ և ապահովել իր պետության զարգացումն ու կայունությունը: Մեր աշխատանքը հենց դրան է ուղղված»,- նշել է Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում