Հայաստանը դարձել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի անդամ

1 Min Read

Հայաստանի Հանրապետությունը դարձավ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի անդամ։ ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունել է «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը։

Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը՝ նշելով, որ այս անդամակցումը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին, համագործակցել զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ ու ներգրավել պետական և մասնավոր կապիտալ:

«Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար: Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը նպատակահարմար է համարվում նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից»,-ասել է նա։

Հովակիմյանը նշել է, որ 2017 թվականից կառավարությունը քննարկել է բանկին 5 բաժնեմասով միանալու հարցը, որը բանկի կողմից մերժվել է: Հիմա կա ԵՆԱԲ-ին 374 բաժնեմասով միանալու և անդամ դառնալու մասին կառավարության որոշումը:

«Ռիսկերի և վարկային միջոցների դիվերսիֆիկացման տեսանկյունից նախագիծն արդարացված է: Հայաստանը միանալու է 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազար ԱՄՆ դոլար է, որի 20 տոկոսի վճարվում է, իսկ մնացածը՝ ցպահանջ»,-նշել է Հովակիմյանը:

 

 

Կիսվեք այս հոդվածով