Հարկերը հանդիսանում են տնտեսական քաղաքականության ամենակոշտ գործիքերից մեկը։ Հարկերի դրույքաչափերի նույնիսկ չնչին փոփոխություններն ունենում են զգալի ազդեցություն տնտեսության երկարաժամկետ աշխատանքի վրա։ Այս առումով զարմանալի է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից հարկային փոփոխությունների շուտափույթ իրականացումը։
Նախ և առաջ հարկային գործիքներում փոփոխություններ անելուց առաջ հստակ ձևակերպում է պետք, թե որն է այս տեղաշարժերի իմաստը`բյուջեի հարկային եկամուտների ա՞ճը, միգուցե տնտեսվարողներին օժանդակելու խնդի՞րն է առաջնային, կամ գուցե կան մակրոտնտեսական առանցքային ցուցանիշներ, որոնց վրա պետք է ազդեցությու՞ն գործել և միգուցե այս քայլերը պայմանավորված են տնտեսության արդյունավետության բարձրացմամբ և այսպես շարունակ։
Շրջանառության հարկի դրույքաչափերն առանձին ոլորտների համար բարձրանալու են. Թունյան
Արդյո՞ք տնտեսությունում պահանջ կա այս դաշտում փոփոխություններ կատարելու իմաստով։ Հետաքրքիր է հասկանալ փաստացի շրջանառության հարկի մասով հավաքագրված գումարների ծավալները ինչպիսին են եղել 2013-2022թթ․
Ինչպես կարելի է տեսնել գծապատկերից, 2022թ․ շրջանառության հարկի մասով հավաքագրվել է ֏ 40,7 մլրդ։ Դեռևս 2018թ․ շրջանառության հարկի միջոցով պետական բյուջե է փոխանցվել ֏ 21,3 մլրդ։ Միևնույն ժամանակ փաստենք, որ 2013թ․ շրջանառության հարկի մասով պետբյուջե մուտք եղած գումարների ծավալները կազմել են ֏ 13,4 մլրդ։
Հաջորդիվ ուսումնասիրենք շրջանառության հարկի մասով հավաքագրված գումարների ծավալներ/ՀՆԱ, ինչպես նաև շրջանառության հարկի մասով հավաքագրված գումարների ծավալներ/ ՀՀ համախմբված բյուջեի եկամուտների ծավալների ցուցանիշների փաստացի արդյունքները (2013-2022թթ․)
Վիճակագրական տվյալները փաստում են, որ շրջանառության հարկ/ՀՆԱ հարաբերակցության նվազագույն մակարդակը 2015թ․ կազմել է 0,2%, իսկ առավելագույն մակարդակը՝ 2019, 2021 և 2022թթ` 0,5%։
Մյուս կողմից, ՀՀ համախմբված բյուջեի եկամուտների ծավալներում շրջանառության հարկի մասով հավաքագրված գումարների ծավալների մասնաբաժնի նվազագույն մակարդակը 2015թ․ կազմել է 1%, իսկ առավելագույն մակարդակը՝ 2019թ․` 2%։
- Վերոնշյալ ցուցանիշների մակարդակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելի կարճ ժամանակահատվածի համար, մասնավորապես, 2024թ․ առաջին եռամսյակում, շրջանառության հարկի մասով հավաքագրված գումարների ծավալները կազմել են ֏ 15,1 մլրդ։ Շրջանառության հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ․ առաջին եռամսյակում կազմել է 0,8%, իսկ շրջանառության հարկ/ՀՀ համախմբված բյուջեի եկամուտներ հարաբերակցությունը՝ 2,8%։