Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին

1 Min Read

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը, ստեղծել նյութական արժեք եւ բարելավել տարածաշրջանում  ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը` ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արտադրական ճյուղերում, խթանել տարածաշրջանային համագործակցությունը` մարտահրավերներին դիմակայելու հարցում սերտորեն համագործակցելով զարգացման բազմակողմանի եւ երկկողմանի այլ հաստատությունների հետ:

Ազգային ժողովի` հունիսի 11-ի հերթական նիստում քննարկվել է ««Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի  տեղեկացմամբ  «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հունիսի 29-ին: Բանկին անդամակցում են 100-ից ավելի երկրներ, հիմնադիր 57 անդամ-երկրների թվում են Հայաստանի հարեւաններ Իրանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը:

Զեկուցողի խոսքով բանկին անդամակցումը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին, համագործակցել զարգացման բազմակողմ եւ երկկողմ այլ հաստատությունների հետ ու ներգրավել պետական եւ մասնավոր կապիտալ:  Բանկին  անդամակցումը  նոր խթան կհաղորդի  հայ-չինական  տնտեսական եւ քաղաքական երկխոսությանը:  Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ` Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար: Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը նպատակահարմար է համարվում  նաեւ վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման  տեսանկյունից:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Share This Article