Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը, ստեղծել նյութական արժեք եւ բարելավել տարածաշրջանում ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը` ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արտադրական ճյուղերում, խթանել տարածաշրջանային համագործակցությունը` մարտահրավերներին դիմակայելու հարցում սերտորեն համագործակցելով զարգացման բազմակողմանի եւ երկկողմանի այլ հաստատությունների հետ:
Ազգային ժողովի` հունիսի 11-ի հերթական նիստում քննարկվել է ««Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի տեղեկացմամբ «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հունիսի 29-ին: Բանկին անդամակցում են 100-ից ավելի երկրներ, հիմնադիր 57 անդամ-երկրների թվում են Հայաստանի հարեւաններ Իրանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը:
Զեկուցողի խոսքով բանկին անդամակցումը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին, համագործակցել զարգացման բազմակողմ եւ երկկողմ այլ հաստատությունների հետ ու ներգրավել պետական եւ մասնավոր կապիտալ: Բանկին անդամակցումը նոր խթան կհաղորդի հայ-չինական տնտեսական եւ քաղաքական երկխոսությանը: Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ` Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար: Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը նպատակահարմար է համարվում նաեւ վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում