Մակրոնը Շոլցի հետ կքննարկի էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում

1 Min Read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կքննարկի էներգետիկ ճգնաժամը, ըստ  РИА Новостиի փոխանցման այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:

Հայտարարությունում նշվում է, որ երկու առաջնորդների զրույցը նախատեսված է  տեսակոնֆերանսի ձևաչափով՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 15.00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 16.00-ին):

Ինչպես հայտնում են Ելիսեյան պալատից՝ կողմերը կքննարկեն «Եվրոպայում էներգետիկ իրավիճակը, ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակով ձեռնարկվող գործողությունները՝ անխափան մատակարարումները պահպանելու համար, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գների հետ կապված միջոցառումները»։

Բացի այդ, հանդիպմանը նախատեսվում է քննարկել նաև լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել տնային տնտեսությունները և ձեռնարկությունները պաշտպանելու համար:

 Նշենք նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 2-ին հրավիրել էր Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ՝ պայմանավորված էներգետիկ իրավիճակով։ Այս առնչությամբ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ 2023 թվականին Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի մեծածախ գինը կհասնի ռեկորդային բարձր մակարդակի՝ գերազանցելով 1000 եվրոյի սահմանագիծը՝ մեկ մեգավատ/ժամի դիմաց, ինչը նախորդ տարվա համեմատ 1000%-ով ավելի է ։

Կիսվեք այս հոդվածով