ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մի շարք քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից կաշառքի դիմաց դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր փոխանցելու դեպքեր: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Ա.Ս.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալի հետ՝ 465.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ ու այլ սարքավորումներ փոխանցելու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ Ա.Ս.-ն յուրաքանչյուր բջջային հեռախոս հիմնարկի տարածք տեղափոխելու և դատապարտյալին փոխանցելու համար նրանից որպես կաշառք պետք է ստանար 20.000 – 40.000 ՀՀ դրամ:
Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ա.Ս.-ն հանդիպել է դատապարտյալի մտերիմներին, ովքեր 2022 թվականի հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կանխիկ և անկանխիկ եղանակով որպես կաշառք նրան են փոխանցել ընդհանուր 465.000 ՀՀ դրամ, որի դիմաց հիշյալ պաշտոնատար անձը արգելված իրեր է տեղափոխել քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալին:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Խ.Մ.-ն դարձյալ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում պահվող կալանավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս բջջային հեռախոսներ փոխանցելու շուրջ: Կաշառքի գումարը ստանալուց հետո Խ.Մ.-ն 2024 թվականի փետրվարի 11-ին բջջային հեռախոսներն իր հետ տարել է «Արմավիր» ՔԿՀ, սակայն դրանք կալանավորին փոխանցել չի հաջողվել, քանի որ ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում բջջային հեռախոսները հայտնաբերվել և վերցվել են:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված հերթական քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կազմակերպության «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույրը, քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս համար արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ և լիցքավորման սարքեր ՔԿՀ տարածք տեղափոխելու շուրջ: Պայմանավորվածությունը, սակայն, ավարտին չի հասցվել, քանի որ աշխատանքի ներկայանալիս բուժքույրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ հիշյալ արգելված իրերը նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել են։
Կաշառք ստանալու համար համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել «Արմավիր» ՔԿՀ երկու պաշտոնատար անձանց և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը, իսկ վերջիններիս կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու դատապարտյալի և մեկ կալանավորի:
Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում