Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին ժամանակներում պարբերաբար հայտարարում են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տնտեսական հաջողությունների մասին:
Նշվում է, որ այդ երկրներում արձանագրված աճերի մի մասը պայմանավորված է միության անդամ լինելու հանգամանքով։
Այս հայտարարությունները հնչում են Հայաստան-Ռուսաստան լարված հարաբերությունների համատեքստում։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է իր ակտիվ գործունեությունը ԵՏՄ շրջանակներում։ ՀՀ-ն խնդիր ունի ՀԱՊԿ-ի հետ, որի աջակցության բացակայությունը հատկապես զգացվեց 44-օրյա պատերազմի և դրանից հետո ծավալվող իրադարձությունների ժամանակ։
Ընդհանրապես, շատ բարդ է ընկալել Հայաստանի դինքորոշումն այն տեսանկյունից, որ կարելի է, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով վիրավորել միջուկային գերտերությանը՝ Ռուսաստանին, սակայն մյուս կողմից խոսել տնտեսական համագործակցության կարևորության մասին։
Ընդհանրապես, շատ հազվադեպ են լինում իրավիճակներ, երբ քաղաքական երկխոսության բացակայության կամ նույնիսկ երկուստեք թշնամական հարաբերությունների պայմաններում պահպանվում է հարաբերությունների տնտեսական բաղադրիչը։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ԵՏՄ-ում գլխավոր տնտեսությունը Ռուսաստանինն է, որից կախված են նաև մյուս տնտեսությունները։ Հետևաբար, եթե Հայաստանը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ճանապարհով, ապա շատ է բարդանալու իրավիճակը նաև ԵՏՄ-ում։
Աղետի գոտում վնասների գնահատման նպատակով նախաձեռնվել է առաջնային կարիքների արագ գնահատման գործընթաց
Այդուհանդերձ, Հայաստանը գտնվում է ԵՏՄ-ում և կրում է այս կառույցի բոլոր որոշումների հետևանքները ինչպես ներքին տնտեսական կյանքում, այնպես էլ միջազգային տնտեսական հարաբերություններում։
Հետևաբար, մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ ԵՏՄ տնտեսության առանցքային ցուցանիշների ծավալների փոփոխությունները․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ԵՏՄ ՀՆԱ-ն 2023թ․ նախորդ տարվա համեմատ աճել է 3,8%-ով։ Նկատենք, որ այս աճի ապահովման գործում որոշիչ դերակատարում ունի Հայաստանը, որի ՀՆԱ-ն աճել է 8,7%-ով։
Արդյունաբերության համախառն արտադրանքը 2024թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 5,6%-ով։ Այստեղ դեր է խաղացել նաև Հայաստանը, որն արձանագրել է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների 30,4% աճ։
2024թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ամենաբարձր աճերը դիտվել են հիմնական կապիտալում իրականացված ներդրումների և առևտրաշրջանառության ծավալներում՝ համապատասխանաբար 10,4% և 10,3%։
Հիմնական կապիտալում կատարված ներդրումների ծավալների ամենամեծ աճը արձանագրել է Ղրղզստանը՝ մոտ 19%։ Ամենախոր անկումը նկատվել է գործազուրկների թվաքանակի մասով։ Այսպես, 2024թ․ մարտի վերջին 2023թ․ մարտի վերջի համեմատ գործազուրկների թվաքանակը կրճատվել է 14,5%-ով։
Գործազուրկների թվաքանակի ամենամեծ աճը դիտվել է միայն Ղազախստանում՝ մոտ 11%-ով։ Գործազուրկների թվաքանակի կրճատման ամենաբարձր մակարդակը Բելառուսում է՝ մոտ 30%-ով։
- Այսպիսով, եթե գործում ենք ԵՏՄ -ում, ուրեմն պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահենք միության առանցքային տնտեսական ցուցանիշները։ Մյուս կողմից, եթե որոշում կայացվի փոխել նաև Հայաստանի տնտեսական վեկտորը, ապա պետք է հասկանալ, որ Հայաստանը դեռևս դրան համահավասար այլընտրանք չունի։ Տեխնիկական առումով անցումը ԵՏՄ-ից դեպի անորոշություն կարող է հանգեցնել լրջագույն ցնցումների։