Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող խոշոր շահման դեպքում եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 10 տոկոս, կգործի նաև հարկային գործակալի համակարգը: Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը: Մնացած բոլոր շահումների դեպքում կգործի տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանությունը:
Հաջորդ փոփոխությամբ օպերատորի ընտրության ընթացակարգի ճկունությունն ապահովելու նպատակով հստակեցվել են խաղային ոլորտի կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված դրույթները:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման առարկան շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկի արտոնյալ համակարգերն են:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական հարթակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկվում օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ տնտեսավարող սուբյեկտների և միությունների մասնակցությամբ:
Ըստ Բաբկեն Թունյանի՝ քննարկման ընթացքում ներկայացվել են պարզաբանումներ բարձրացված մտահոգությունների վերաբերյալ, որոշ դեպքերում էլ կատարվել են հստակ փոփոխություններ: Նշվել է, որ շրջանառության հարկի դրույքաչափերն առանձին ոլորտների համար բարձրանալու են, բացի դրանից, որոշ գործունեության տեսակներ՝ ինչպիսիք են, օրինակ, փաստաբանական և նոտարական ծառայությունները, շրջանառության հարկի ռեժիմից կտեղափոխվեն ընդհանուր հարկման համակարգ, այսինքն` ավելացված արժեքի հարկի ռեժիմ:
«Առաջարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունները վերաբերում են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, սակայն զուգահեռաբար հնարավորություն կընձեռվի, որպեսզի ավելի լայն շրջանակի ծախսերը փաստաթղթավորման պարագայում նվազեցվեն»,- պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նա տեղեկացրել է, որ Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի մասնակցությամբ հարցի վերաբերյալ տեղի է ունեցել ևս մեկ այլ քննարկում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում