Սաուդյան Արաբիան ծրագրում է զգալիորեն ավելացնել նավթի արդյունահանումը 2026-2027 թվականներին, իսկ 2028 թվականին արդյունահանումը կհասցնի օրական 12.3 մլն բարելի,- գրում է Vedomosti.ru-ն։
Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (SPIEF-2024) ելույթի ժամանակ հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը։
«Մենք արտադրությունն ավելացնելու ծրագրեր ունենք։ Աստիճանական աճ կլինի 2026-ին, 2027-ին, հետո կհասնենք օրական 12.3 մլն բարելի մակարդակին»,- նշել է նա։
Նախարարը հավելել է, որ նախատեսում են նաև ավելացնել նավթի արտահանումը։ Հունիսի 2-ին ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ երկրները, որոնք մասնակցում են նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրին (OPEC+), համաձայնեցրել են արդյունահանման քվոտաները մինչև 2025 թվականի վերջը:
Նշվում է, որ Ռուսաստանի քվոտան կմնա օրական 9.95 մլն բարել, Սաուդյան Արաբիայինը՝ 10.5 մլն բարել։ ՕՊԵԿ+ երկրների համար նավթի արդյունահանման ընդհանուր առավելագույն մակարդակը օրական 39.7 մլն բարել է։
Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Ղազախստանը, Ալժիրը և Օմանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել են նավթի արդյունահանումը օրական 1.65 մլն բարելով կրճատելու մասին համաձայնագրերը:
Բացի այդ, մինչև երրորդ եռամսյակի ավարտը երկարաձգվել են նավթի արդյունահանման օրական 2.2 մլն բարելով կամավոր կրճատման մասին պայմանավորվածությունները։
Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը, համաձայն պայմանավորվածությունների, այս տարվա հունվար-սեպտեմբերին կկազմի օրական 8.98 մլն բարել, այնուհետև 2024 թվականի դեկտեմբերին աստիճանաբար կդառնա օրական մինչև 9.23 մլն բարել, իսկ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ 9.98 մլն բարել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում