Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է. նոր մանրամասներ

2 Min Read
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործով փոփոխություն է եղել, վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս, որը նախկինում պաթոսով հայտարարվում էր։
Ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Քերոբյանի պաշտպան Վաչե Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով` քրեական հետապնդումը գործուն հիմքով դադարեցնելու համար պետք է այդ հանրային վնասը հարթված լինի կամ այլ կերպ հատուցված։
«Մի քիչ մանրամասնեմ, թե ինչ հանրային վնասի մասին է խոսքը։ Առաջինն այն է, որ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին պատճառվել է վնաս, երկրորդ վնասն այն է, որ «Հարմոնիա» ընկերությունը կրել է վնաս` բաց թողնված եկամտի տեսքով, և երրորդ ամենամեծ վնասն այն է, որ պետությունը զրկվել է հանրային ներդրումների ծրագրի բանկ ստեղծելու հնարավորությունից։ Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, և պետությանը պատճառված հանրային վնասը հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Այսկերպ գործը էապես աղքատացել է»,- նշել է պաշտպանը։
Նրա խոսքով՝ այդ որոշումները կայացնում է դատախազությունը, ոչ թե քննչական մարմինը, և հստակ երևում են նրանց միջև առկա հակասությունները։
Դատախազությունն ունի 5-օրյա ժամկետ։ Եթե որոշի միջնորդություն ներկայացնել, ապա այսօր պետք է ներկայացնի դատարան` տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հետ կապված։
«Եթե դա տեղի չունենա, ապա քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է փոխի խափանման միջոցի որոշումը, կամ պետք է ընդհանրապես ոչինչ չանեն, և պրոբացիայի հիմնարկը պարզապես դադարեցնի խափանման միջոցի կիրառությունը, քանի որ չի ունենա դատարանի որոշումը»,– ասել է նա։

Կիսվեք այս հոդվածով