Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ ներդնել։
Նախագիծը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Փոխնախարարը նշել է, որ փորձը ցույց է տալիս՝ շատ իրավիճակներում, հատկապես որոշակի տարածքներում, որոնց շրջակայքում կատարվում են հանցագործություններ, սովորաբար չենք ունենում տեսահսկման համակարգեր, և այստեղ ավելի բարդանում է իրավապահ համակարգի գործունեությունն այս մասով։
Նրա խոսքով՝ այս օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների և տնտեսվարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման սարքերով։
«Խոսքը վերաբերում է բանկերին, վարկային կազմակերպություններին, գրավատներին, դեղատներին, արտարժույթի առքուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերին, փոստային կապի օբյեկտներին, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման տարածքներին, ուսումնական հաստատություններին և մի շարք այլ հաստատություններին, նաև 100 քմ ավելի մակերես ունեցող առևտևրի օբյեկտներին, ինչպես նաև հեղուկ վառելիքի՝ սեղմված, բնական կամ հեղուկացված մանրածախ առևտրի կետերին և 50 քմ ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներին: Երկրորդ կատեգորիան շարժական միջոցներն են։ Այս դեպքում սա շտապօգնության ավտոմեքենաների, ինչպես նաև գործարանային, տեխնիկական բնութագրերով տեսահսկման սարքերով կահավորում նախատեսված ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորասրահները տեսահսկման համակարգերով ապահովելու պարտականության մասին է»,- ասել է նա։
Փոխնախարարն ընդգծել է, որ այս պայմաններում մենք կկարողանանք հսկել իրավիճակը, իրազեկ լինել տարբեր իրավիճակներին և, ըստ այդմ, համապատասխան արձագանքում ապահովել։
«Մենք որևէ միտում չունենք 24/7 ռեժիմով հսկելու, թե ինչ է կատարվում ՀՀ-ում։ Շփոթմունք կա, թե այս տեղեկատվության հավաքագրումը մարդկանց մասնավոր, ընտանեկան, անձնական կյանքին միջամտություն է։ Խոսքը հանրային տիրույթի մասին է, որևէ մեկը նպատակադրում չունի դիտելու կառույցի ներսը, մուտքն ենք տեսահսկում և մուտքի հարակից հատվածը։ Մեր խնդիրը կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է, և եթե կա որևէ տվյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման մասին և հանցագործին հետապնդելու ու մնացած պրոցեսների կազմակերպման հարց կա, այսպիսի միջոցները կօգնեն որ կարողանանք կանխարգելիչ միջոցառումներն ավելի արդյունավետ կերպով իրականացնել»,- նշել է Սարգսյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում