Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն աճել են. հաշվետվություն

2 Min Read

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հակիրճ ներկայացրել է հաշվետվությունը, որը մոտ 2 շաբաթ մանրամասն քննարկվում էր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

Հաջորդիվ քննարկվել է 2024 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի տեղեկացմամբ  2024 թվականի առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերն արագացել են, ինչը զուգորդվել է պետական ու մասնավոր սպառման աճերով: Միաժամանակ, զսպող դրամավարկային քաղաքականության դիրքի պահպանման պայմաններում գործընկեր երկրներում նկատվել է գնաճի կայունացում:

Հումքային և պարենային ապրանքների միջազգային գներն ընդհանուր առմամբ նվազել են, տենդենցը շարունակվել է, պարենային ապրանքների միջազգային գները նվազել են 9.4 տոկոսով, պղնձի գները՝ 5.6 տոկոսով, նավթի և մոլիբդենի գներն աճել են, ինչն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա:

Արտահանման և ներմուծման տեսանկյունից 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է ապրանքների արտահանման 2.7 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումը նվազել է շուրջ 14.3 տոկոսով:

Բարձր աճը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու վերարտահանմամբ՝ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ներմուծման աճը կազմել է 75.8 տոկոս, սակայն առանց վերարտահանման ազդեցությամբ ներմուծման աճը նվազել է 9.2 տոկոսով:

Տնտեսական ակտիվության առումով աճի բարձր տեմպերը  շարունակվել են նաև 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ պայմանավորված հիմնականում առևտրի, ծառայությունների և շինարարության աճով՝  կրելով նաև ոսկերչական արտադրատեսակների վերամշակման կտրուկ աճի և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական գործունեության ազդեցությունները:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում կազմել են 525 մլրդ դրամ՝ պլանավորված 563.1 մլրդ դրամի դիմաց, կատարողականը կազմել է 93.2 տոկոս:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն աճել են 8.6 տոկոսով: Ծախսերը կազմել են 525.9 մլրդ դրամ, կատարողականը՝ 82.5 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծախսերն աճել են 24.4 տոկոսով:

Պակասուրդի մասով կատարողականը կազմել է 0.9 մլրդ դրամ, 77.4 մլրդ դրամ պլանային ցուցանիշների համեմատ կատարողականը կազմել է 1.2 տոկոս:

Փոխնախարարը ներկայացրել է նաև այլ ցուցանիշներ: Վահան Սիրունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ներկայացված տեղեկանքը:

 

Կիսվեք այս հոդվածով