Վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության, և այս հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից կարևոր է միջպետական համագործակցությունը:
Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է առաջարկում Քրեական, Քրեական դատավարության օրենսգրքերում և կից մի շարք օրենքներում:
Նշվել է, որ գործնականում խնդիր է առաջանում կիբեռհանցագործությունները նույնականացնելու ժամանակ:
«Հանրության շրջանում շփոթ կա այն առումով, որ այն, ինչ կատարվում է համացանցում կամ համացանցի օգտագործմամբ, կիբեռհանցագործություն է: Այդ շթոփը պետք է ցրել, որովհետև կիբեռհանցագործությունն ունի հստակ առարկա, հստակ օբյեկտ և համացանցում օգտագործմամբ ոչ բոլոր հանցագործությունները պետք է դիտարկել կիբեռհանցագործություն»,- հստակեցրել է փոխնախարարը:
Առաջարկվում է առանձին հավելվածի տեսքով սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը, որը թույլ կտա միջպետական ու ներպետական մակարդակում հստակ նույնականացնել կիբեռհանցագործությունը: Ցանկը բխում է ՀՀ միջազգային պարտավորություններից: Դրանք Բուդապեշտի կոնվենցիայով նախատեսված հանցագործություններ են:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է քրեադատավարական ընթացակարգերին: Արփինե Սարգսյանի խոսքով՝ տարբեր համացանցային տվյալները դասակարգելու միջազգայնորեն ընդունված մոտեցում կա. բաժանորդային, փոխանցվող և բովանդակային տվյալներ: Դրանց պետք է տրվի դատախազական ու դատական վերահսկողության տեսքով երաշխիքների մակարդակ, բայց մեր օրենսդրությունը չի տարբերակում այդ տվյալները: Ըստ այդմ՝ առաջարկվում է Քրեադատավարական օրենսգրքում հստակ տարանջատել այս երեք խումբ տվյալները:
Առաջարկվում է IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակում (այժմ այն տրվում է քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ):
Նախատեսվում է բնակարանի խուզարկության արդյունքում ստացված էլեկտրոնային սարքերի և կրիչների համար թվային խուզարկություն իրականացնելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից նոր միջնորդություն ներկայացնելու ու միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի առանձին որոշում ստանալու պահանջ, եթե դրանց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում:
Նախատեսվում է հստակեցնել կրիպտոակտիվի հասկացությունը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ստացված տվյալներով հանցավոր գործունեության մեջ ստացված եկամուտները կրիպտոակտիվի ներգրավմամբ նախնական տվյալներով գերազանցում են 5 մլն դոլարը, իսկ 2023 թվականի կտրվածքով արձանագրվել է կրիպտոակտիվների օգտագործմամբ կատարվող 249 հանցագործության դեպք:
Կրիպտոակտիվի տնօրինման հետ կապված գործողություները պետք է կատարվեն անկանխիկ գործառնությունների շրջանակում, կրիպտոակտիվի փոխանակում այլ գույքով կամ որևէ շարժական միջոցով հնարավոր չէ: Արփինե Սարգսյանի պարզաբանմամբ սա չի վերաբերում արտարժույթի մեկ այլ տեսակի փոխարկմանը:
Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանն անդրադարձել է կրիպտոարժույթների ոլորտում կարգավորումներին, դրանց շրջանառության վտանգներին: Խոսելով կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցագործությունների մասին՝ պատգամավորը կարծիք է հայտնել, որ դա հնարավոր չէ վերահսկել միայն փոխանակման կետերում նույնականացման միջոցով կամ այդ արժույթի՝ միայն անկանխիկ եղանակով իրականացմամբ:
Հարակից զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել և առաջինից երկրորդ ընթերցում քննարկել մտահոգող խնդիրները:
Պատգամավորների հարցերն առնչվել են կրիպտոակտիվների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների համար նախատեսված պատժամիջոցներին, «Կիբեռանվտանգության մասին» օրենքում այլ լուծումների հնարավորությանը, փոխանակման կետերում ու բանկային համակարգում առաջացող վիճահարույց խնդիրներին ու ռիսկերին:
Փոխնախարարն անդրադարձել է հարցադրումներին և քննարկվող հարցերի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում աշխատանքային քննարկում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել:
Հարցն արժանացել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում