Բավական մեծ թվեր կլինեն. Սանոսյանը՝ աղետի վնասների մասին

2 Min Read

Հանձնաժողովներ կան ստեղծված՝ հանրապետական, մարզային և համայնքային: Աշխատում են, գնահատում են վնասները տարբեր ուղղություններով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Գիտեք, որ բավական բազմաշերտ է՝ սկսած պետական խոշոր ենթակառուցվածքներից, ինչպիսին միջպետական ճանապարհներն են, տեղական ճանապարհն է, երկաթգիծ և այլն, այնպես էլ համայնքային և նաև տեղական նշանակության անհատական բիզնես տարբեր կենտրոններ, այգիներ և այլն, բայց դեռ վնասների չափն ընդհանրացնել հնարավոր չէ»,- ասել է նա:

Սանոսյանն ասել է, որ կան բարձրահարկ շենքեր, որոնց առաջին հարկերը ջրով և տիղմով էին լցվել: Հիմա Քաղաքաշինության կոմիտեն նախնական ուսումնասիրություններ է անում, բայց դեռ բավական ժամանակ կպահանջվի, որպեսզի հասկանան՝ շենքը ինչ աստիճանի է վնասվել, վնասվել է, թե ոչ, վթարայնության ինչ աստիճան ունի, այլևս ապրելու ենթակա է, թե՝ ոչ:

«Աշխատանք տանում ենք, որոշակի գնահատումներ կլինեն, որոշ ժամանակ հետո միգուցե կկարողանանք խոսել, բայց, ցավոք սրտի, բավական մեծ թվեր կլինեն՝ հաշվի առնելով և՛ ընդգրկվածությունը տարածական, և՛ ոլորտային»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե համայնքներից որն է ամենաշատը տուժել, Գնել Սանոսյանն ասել է, որ Ալավերդին է տուժել, հատկապես հենց Ալավերդի քաղաքը՝ իր թաղամասերով և Քարկոփ բնակավայրը:

«Քարկոփը, եթե գյուղական բնակավայրերից նայենք, ամենատուժածն է, որովհետև գրեթե ամբողջ գյուղը լցվել էր ցեխով, ցեխաջրով, տիղմով, որտեղ հիմա ակտիվ աշխատանքներ են ընթանում»,- նշել է Սանոսյանը:

Share This Article