Մաքսային տեսուչը բեռնատարների վարորդներից պարբերաբար կաշառք է ստացել

1 Min Read

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձի կողմից ԻԻՀ քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Մեղրիի մաքսակետի մաքսային տեսուչ Վ. Մ.-ն 2024 թվականի ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր տեսակի և քանակությամբ ապրանքներ ՀՀ տեղափոխող բեռնատարների 11 վարորդների  իրավունքները ոտնահարելու սպառնալիքով նրանցից պարբերաբար կաշառք է ստացել:

Մասնավորապես՝ ՊԵԿ մաքսային տեսուչը նշված  վարորդների բեռնատար տրանսպորտային միջոցներն ու բեռները անհարկի սպասեցնելու և այդ կերպ ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեկցող փաստաթղթերում և էլեկտրոնային տեղեկատվական համակարգում նշումներ կատարելու գործընթացում խոչընդոտներ ստեղծելու սպառնալիքով նրանցից պահանջել և ստացել է մանր չափի կաշառք:

«Կաշառք ստանալու համար ՊԵԿ մաքսային տեսուչ Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ): Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվեք այս հոդվածով