Ինչ փուլում է Հայաստանը Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում

1 Min Read

«Խաղաղության խաչմերուկ» նախագծում շատ կարևոր ուղղություններ են Հայաստանի հասանելիությունը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ։ 

Այս մասին ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Սա վերաբերվում է նաև Հայաստանի Հանրապետության նպատակաուղղվածությունը դիվերսիֆիկացնելու մեր արտահանման շուկաները, որը նաև պետք է ընդգծել ԵԱՏՄ համատեքստում և դեպի Կենտրոնական Ասիա Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցության էլ ավելի սահուն ապահովման առումով»,- ասել է ԱԳ փոխնախարարը։

Կոստանյանը տեղեկացրել է նաև, որ այս պահին Չաբահար նավահանգստի ինտեգրման նախագիծը գործնական փուլ է մտել և վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է էկոնոմիկայի նախարարը։

«Քաղաքական առումով արտաքին գործերի նախարարությունը չափազանց կարևորում է այս նախագծին Հայաստանի Հանրապետության ներգրավումը։ Կլինի առանձին մաքսային կայան Չաբահարում, թե պետք է օգտվել հնդկական արդեն իսկ գործողին՝ այս մասով քննարկումներ են ընթանում և որոշակի ուսումնասիրություններ են տեղի ունենում և վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,-նշել է նա։

Share This Article