Խորհրդային Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն խթաններից էր որակյալ կրթության և գիտության առկայությունը: Ձևավորված ուժեղ կապերը՝ պետություն-արտադրություն-ԲՈՒՀ, հնարավորություն էին տալիս բարիք ստեղծել, բարգավաճել. այսպիսին էր մոտեցումն ու դրվածքը Խորհրդային Միության տարբեր անկյուններում: Սակայն, վերջին 30 տարվա ընթացքում նկատվում է կրթության և գիտության կործանարար հետընթաց:
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ, ՀՀ ներկայիս վարչապետն արձանագրել է, որ ՀՀ-ի կրթության և գիտության ոլորտում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Խոսվեց նաև ՀՀ ԲՈՒՀ-երի՝ Աշտարակ քաղաք տեղափոխության տարբերակի մասին: Միայն թե խիստ կասկածելի է, որ և այս գաղափարը որևէ կապ ունի կրթության և գիտության ոլորտի որակական փոփոխությունների հետ: Բացի այդ՝ ինչպես կարող ենք վստահ լինել, որ այդ ահռելի ծախսերը չեն վերածվի մի նոր կոռուպցիոն շղթայի: Այս և նման ոչ էական մտահղացումներն է՛լ ավելի են վարկաբեկելու կրթությունը և գիտությունը, որի հետևանքով իրապես Հայաստանը հայտնվելու է աղետալի դրության մեջ:
Այս ամենով հանդերձ՝ ՀՀ բուհերը շարունակում են տեղ գրավել ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում.
Գծապատկեր 1. 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը մտած ՀՀ ԲՈՒՀ-երի կողմից վճարած հարկերի ծավալները՝ 2022թ-ի առաջին կիսամյակում
Առաջին երեք հորիզոնականներում են հայտնվել ԵՊԲՀ-ն, ԵՊՀ-ն և ՀԱՀ-ը, որոնք 2022 թ․-ի առաջին կիսամյակում վճարել են համապատասխանաբար 1.6, 1.5 և 0.67 մլրդ ՀՀ դրամ: Ցուցակը եզրափակում են ԵՀՀ-ն, ԲՊՀ-ն և ՀՖՀՀ-ն, որոնք վճարել են համապատասխանաբար 238, 217 և 152 մլն դրամի հարկ: 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում ներառված բուհերը միասին 2022 թ․-ի առաջին կիսամյակում վճարել են 6.4 մլրդ դրամի հարկ, որը 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում