Պարտքային ճգնաժամն աշխարհում շարունակում է խորանալ. Ի՞նչ պատկեր է զարգացող և զարգացած երկրներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Աշխարհում ընթացող գործընթացները շարունակում են բացասաբար ազդել համաշխարհային տնտեսության վրա։ Երկրների միջև առկա տնտեսական հարաբերություններում ավելի մեծ թվով պատնեշներ են դրվում։ Ի վերջո, արգելքների ծավալների ինչ-որ մակարդակից հետո համաշխարհային տնտեսությունն ամբողջությամբ կմասնատվի։ Ներկայիս սերունդները կզրկվեն համաշխարհային տնտեսության զարգացման ամբողջ պոտենցիալն օգտագործելու հնարավորություններից։

Տնտեսական կապերի թուլացումը, պատերազմները և բնական աղետները շարունակաբար նպաստում են երկրների պարտքերի ծավալների ավելացմանը, ինչն ուղղակիորեն հանգեցնելու է դեֆոլտների, որից հետո էլ արձանագրվելու է սոցիալական մեծ լարվածություն։ Դրա մասին են վկայում վերջին միտումները։


Որքա՞ն է կազմում Վրաստանի պետական պարտքը


Մասնավորապես, աշխարհի պարտքի ծավալները 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճել են $8,1 տրլն-ով կամ 3%-ով՝ կազմելով  $315․1 տրլն կամ գլոբալ ՀՆԱ-ի ծավալների 333%-ը։

Բացի այդ՝ պարզ է, որ արտաքին պարտքի այս ծավալներում զարգացած և զարգացող շուկաներն ունեն տարբեր մասնաբաժիններ, ինչպես նաև պարտքի ձևավորման գործում իրենց ներդրումն ունեն նաև տնտեսության տարբեր հատվածները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ առաջին եռամսյակում զարգացող երկրների արտաքին պարտքի ծավալներն ապահովել են համաշխարհային պարտքի 67%-ը կամ $209․7 տրլն-ը։ Վերջինս 2023թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է 2%-ով։

Մյուս կողմից, համաշխարհային պարտքի 33%-ը կամ $105․4 տրլն-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին։ Այստեղ 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ առաջին եռամսյակի համեմատ պարտքի ծավալներն աճել են 4%-ով։

Նկատենք, որ գլոբալ մակարդակով համաշխարհային պարտքի ծավալների 30%-ը և 29%-ը  պատկանում է համապատասխանաբար ոչ ֆինանսական հատվածին և պետությանը։ Վերջիններիս պարտքի ծավալները 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ աճել են համապատասխանաբար 6%-ով և 2%-ով։ Զարգացող շուկաներում արտաքին պարտքի ծավալների 42%-ը ձևավորվում է ոչ ֆինանսական հատվածի ընկերությունների կողմից, իսկ 27%-ը՝ պետության կողմից։

Զարգացող երկրներում 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ ոչ ֆինանսական հատվածի պարտքի ծավալներն աճել են 4%-ով, իսկ պետության պարտքի ծավալները՝ 8%-ով։

Զարգացած երկրների արտաքին պարտքի ծավալներում 30% մասնաբաժին ունի պետությունը, 27%՝ ֆինանսական հատվածը և 24%՝ ոչ ֆինանսական հատվածը։ Վերջիններիս մասով գրանցված պարտքի ծավալները 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ պետության մասով աճել են 4%-ով, ֆինանսական հատվածի պարագայում՝ 1%-ով, և ոչ ֆինանսական հատվածի դեպքում՝ ընդամենը 0,2%-ով։

Կիսվեք այս հոդվածով