Շվեյցարիան ՀՀ է գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ

2 Min Read

Հայաստանի իշխանությունների խնդրանքով Շվեյցարիան ՀՀ է գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ: Նրանք մասնավորապես իրականացնելու են աղետի գոտում կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանություն։

Տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան նախատեսում է առավելագույնը 500 հազար շվեյցարական ֆրանկ:

«Տեղատարափ անձրևների հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջացած ջրհեղեղները մարդկային զոհերի և խոշոր նյութական վնասների պատճառ են դարձել:

Ավելի քան 400 մարդ տարհանվել է: Բազմաթիվ ենթակառուցվածքներ, մասնավորապես ճանապարհներ և կամուրջներ, ինչպես նաև գազատարներ և ջրամատակարարման համակարգեր, վնասվել կամ շարքից դուրս են եկել: Որոշ գյուղերում տներ են փլուզվել, իսկ ցեխը և ջուրը գրեթե երկու մետր բարձրացել են: Հաշվի առնելով աղետի ծավալները՝ Հայաստանի իշխանություններն օգնություն ստանալու նպատակով դիմել են Եվրամիության քաղաքացիական պաշտպանության (EUCPM) համապատասխան մեխանիզմներին՝ խնդրելով մասնավորապես գործուղել քաղաքացիական շինարարության ոլորտի ճարտարագետներ:

Շվեյցարիան անմիջապես արձագանքել է այս խնդրանքին՝ առաջարկելով համապատասխան օգնություն: Ստանալով Հայաստանի իշխանությունների դրական պատասխանը և շահագրգռությունը՝ Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) Հայաստան է գործուղում Մարդասիրական օգնության կորպուսի (SHA) թվով ութ մասնագետներ, այդ թվում՝ճարտարագետներ և տեխնիկական մասնագետներ: Նրանք Շվեյցարիայից Հայաստան են մեկնել հունիսի 3-ի երեկոյան՝ նպատակ ունենալով աջակցելու Հայաստանի իշխանություններին վնասված կամուրջների և այլ ենթակառուցվածքների գնահատման հարցում:

Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC), որ արդեն իսկ ներկա էր Հայաստանում և Հարավային Կովկասում, հրատապ արձագանքման այս ծրագրի համար նախատեսել է մինչև 500 000 շվեյցարական ֆրանկ աղետի գոտում, որը նաև երկրի ամենակարիքավոր շրջանների թվում է:

Միաժամանակ, Շվեյցարիան շարունակում է ուշի-ուշով հետևել Եվրոպայում և հարևան երկրներում հեղեղումների իրավիճակին: Շվեյցարիան պատրաստ է արագ արձագանքելու յուրաքանչյուր օգնության դիմումի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Share This Article