ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ Երևան քաղաքի բնակչուհի Թ. Ս.-ն, խարդախության եղանակով ուրիշի գումարը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, զորակոչիկ Հ. Մ.-ին կեղծ հիվանդության ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով փորձել է վերջինիս հորից՝ Գ. Մ.-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 2.375.950 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար:
Մասնավորապես` Թ. Ս.-ն Գ. Մ.-ին վստահեցրել է, որ իր ծանոթ պաշտոնյաների հետ ունեցած կապերն օգտագործելով կարող է վերջինիս որդուն որևէ կեղծ ախտորոշմամբ ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, որի համար նրանից պահանջել է 2.375.950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար` հիշյալ պաշտոնյաներին որպես կաշառք տալու պատրվակով։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Մ.-ն Թ. Ս.-ին տվել է պահանջված կաշառքի գումարից 950.380 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած` 1.425.570 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլարը պարտավորվել է տալ ծառայությունից որդու ազատվելուց հետո: Սակայն Հ. Մ.-ն բժշկական զորակոչային հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել բանակ: Արդյունքում Գ. Մ.-ն Թ. Ս.-ին չի տվել կաշառքի գումարի մնացած մասը:
Թ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Գ. Մ.-ին՝ (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած) ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում