Շա՜տ կաթ ու շա՜տ սեր, Երևանի կենտրոնում փոքրիկ ֆերմա՝ կաթնատու կովիկներ, հորթուկներ ու գյուղտեխնիկա , հազարավոր այցելուներ՝ մեծահասակներ ու երեխաներ, նաև անակնկալներ, համերգային ծրագիր ու բարձր տրամադրություն․ Հայաստանում Գինեսի նոր ռեկորդ սահմանվեց։
Հունիսի 1-ին՝ Կաթի համաշխարհային օրը, «Երեմյան Փրոդաքթս»-ը գերազանցեց «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում Գինեսի նախորդ՝ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը և գրանցեց նորը․ «Սիզընս» այգում 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց` Գինեսի ռեկորդի համար նախատեսված 6000-ի փոխարեն։
«ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով կաթի մարդաշատ հյուրասիրությունը «Երեմյան Փրոդաքթս»-ն արդեն երկրորդ անգամ էր իրականացնում։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել կաթի օգտագործման նոր մշակույթի ձևավորմանն ու տարածմանը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացմանը։
Ավելի քան 2000 շիշ՝ 0,75 լ տարողությամբ․ հենց այսքան կաթ է սպառվել Գինեսի ռեկորդի գրանցման համար։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշում է․
«Մենք մեզ համար հստակ ռազմավարություն ենք որդեգրել՝ ոչ միայն արտադրել բարձրորակ կաթ, այլև մեր երկրում փոխել կաթի սպառման մշակույթը, կոտրել այն կարծրատիպերը, որոնց պատճառով մեր հասարակություն կաթ քիչ են օգտագործում։ «Շատ կաթը շատ սեր է»-ն այդ նպատակին ուղղված միջոցառումներից է, որն անցյալ տարի բուռն արձագանքներ ստացավ, ու մենք որոշեցինք այս տարի կրկնել այն։ Ուրախ եմ և հպարտ, որ մեզ արդեն երկրրոդ անգամ հաջողվեց Հայաստանում Գինեսի ռեկորդ գրանցել․ այսօր մենք միասին ՝ մեր քաղաքի բնակիչների ու հյուրերի հետ շատ կաթ խմելու համաշխարհային ռեկորդ սահմանեցինք։ Սա թե՛ մեր և թե՛ Հայաստանի համար մեծ ու աննախադեպ իրադարձություն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս»։
Ռեկորդը հավաստող փաստաթուղթը Դավիթ Երեմյանին հանձնեց Գինեսի համաշխարհային ռեկորդների պաշտոնական դատավոր Պրավին Պատելը, ով Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառման համար։ Նա ուշադրությամբ և մանրակրկտորեն հետևում էր բոլոր ընթացակարգերի պահպանմանն ու սահուն ընթացքին։
«Այս ռեկորդի գրանցման էությունը ոչ միայն բաժակներով կաթի մատուցումն էր, այլև խիստ կանոնների պահպանումը։ «Երեմյան Փրոդաքթսի» թիմը, իսկապես, շատ մեծ ու պատասխանատու աշխատանք իրականացրեց, ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Շատ ուրախ ենք, որ պահպանվեցին բոլոր կանոններն ու ընկերությունը գրանցեց Գինեսի ռեկորդը»,-նշում է Պրավին Պատելը։
ՀՀ ՍԱՏՄ Սննդամթերքի անվտանգության վարչության պետ, Ռեկորդի հիգիենայի կանոնների պահպանման վերահսկող Գոհար Վարդանյանի խոսքով Գինեսի ռեկորդի գրանցման ընթացքում պահպանվել են բոլոր կանոնները․
«Հաշվի առնելով միջոցառման մասշտաբները՝ բավականին լուրջ խնդիր էր դրված որպեսզի պահպանվեին սննդամթերքի անվտանգության բոլոր կանոնները՝ մատուցումը, հիգիենան, կաթի պահպանման պայմանները և այլն։ Սա նաև կարևոր խթան էր, որպեսզի մեր երեխաները սկսեն կաթ օգտագործել՝ ոչ առողջ ըմպելիքների փոխարեն»։
Բժիշկ-սննդաբան, Ռեկորդի կանոնների պահպանման վերահսկող Վարդանուշ Պետրոսյանը նշեց․
«Մեր գործընկերների հետ արձանագրեցինք, որ միջոցառումը բարձր մակարդակով անցկացվեց։ Նմանատիպ նախաձեռնություններն առավել քան կարևոր են, առողջ մթերքների և առողջ ապրելակերպի տարածման, սննդային վարքի փոփոխության տեսանկյունից»։
Այս տարի ևս այգում հյուրընկալվել էր փոքրիկ ֆերման՝ կաթնատու կովիկները, հորթուկները, գյուղտեխնիկան, կաթ տեղափոխող մեծ մեքենան։ Միջոցառումը վարում էր հաղորդավար Գոռ Գլումովը, իսկ հատուկ հյուրը Կարո Այրումյանն էր, ով իր երգերով ապահովեց երեխաների բարձր տրամադրությունը։
Նշենք, որ «Երեմյան Փրոջեքթս»-ն արդեն երկրորդ անգամ է Գինեսի ռեկորդ սահմանում։ 2018 թվականին ընկերության կողմից պատրաստված գաթան պաշտոնապես գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես «Աշխարհի ամենամեծ գաթա»։ Ռեկորդը նվիրված էր Երևանի 2800-ամյակին: