Քաղաքաշինության կոմիտեն մեծ տեմպով շենքերի վիճակն է գույքագրում. Սանոսյան

1 Min Read

Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտում վերականգնողական աշխատանքները ակտիվ շարունակվում են բոլոր ուղղություններով: Հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Ալավերդու Թումանյան փողոցը գրեթե ամբողջությամբ մաքրվել է տիղմից, Սանահին կայարանում, որն ամենից շատ տուժած թաղամասն է, աշխատանքները դեռ շարունակվում են՝ մոտ են ավարտին:

Մեծ ծավալով աշխատանք է այս պահին իրականացվում Քարկոփ բնակավայրում, որտեղ նաև հատուկ տեխնիկա է տեղափոխվել երկաթուղով: Գնել Սանոսյանի խոսքով՝ շատ բնակավայրերում հիմնականում վերականգնվել է գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը: Օպերատիվ շտաբի ղեկավարը վստահեցրել է, որ տասն օրվա ընթացքում կվերականգնվի նաև ոռոգման ջրամատակարարումը:

«Ունենք երկու հետիոտնային կամուրջ, որից մեկը շատ է օգտագործվում, մեկը Ախթալայինն է: Երեկ Թեղուտի հետ արեցինք մի աշխատանք, որ մեքենաները կարողանում են մաքսիմալ մոտենալ կամրջին, մարդիկ ապրանքներ են գնում անգամ, այդ մեթոդով նաև մարդիկ իրենց բերքն են իրացնում: Ամենահրատապ լուծումը ժամանակավոր կամուրջն է, մենք հիմա բոլոր գործընեկրների հետ այդ հարցը փորձում ենք լուծել, որ գոնե թեթև մեքենաները երթևեկեն: Եթե կգտնենք գործընկեր երկրներում հավաքովի կամուրջներ, եթե չէ՝ մտքեր կան՝ տեղի ուժերով ինչպես ունենալ ժամանակավոր կամուրջ:

Մյուս կամուրջների հետ կապված նույնպես մտքեր կան՝ նույն տեղո՞ւմ կառուցենք, թե՞ չէ: Քաղաքաշինության կոմիտեն մեծ տեմպով շենքերի վիճակն է գույքագրում: Մյուս կառույցները ևս աջակցում են գույքագրման գործում, նաև անկած կենդանիների հայտնաբերման, մարմինների հեռացման ուղղությամբ»,- ասել է նախարարը:

Կիսվեք այս հոդվածով