«Հասարակությունը շահում է, եթե կա հարմոնիա. երբ և՛ կինը, և՛ տղամարդն ունենում են իրենց ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն: Այդ ներդաշնակությունը կա նաև առողջապահական համակարգում»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) 9-րդ միջազգային համաժողովին:
Կանանց ներգրավվածությունը, խթանումը կարևորելով առողջապահական, կրթական, սոցիալական և տնտեսական ոլորտում` համաժողովը մեկ հարթակում համախմբել էր պետական և հասարակական կառույցների ներակայացուցիչներին` երկխոսության կամուրջ ստեղծելու նպատակով:
Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական այն ծրագրերը, որոնք ուղղված են կանանց առողջության պահպանմանը, մոր և մանկան առողջությանը, հիվանդությունների կանխարգելմանը:
«Այս չորս տարիների ընթացքում առողջապահության բյուջեն կրկնապատկվել է: Այն բոլոր փոփոխությունները, որոնք արվել են համակարգում, բավականին փոխել են պատկերը, բայց դա, իհարկե, բավարար չէ. առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ, կընդլայնվի երեխաների և կանանց տրամադրվող կանխարգելիչ ծառայությունների ծավալը»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նա անդրադարձել է նաև կանանց վերարտադրողական առողջության իրավունքին և ներկայացրել անպտղության հաղթահարման ծրագրի ներդրման և ընդլայնման ընթացքը և արդյունքները:
Նախարարին ուղղված հարցերից էր նաև, թե որոնք են կանանց առողջությանը վնասող և հիվանդացության պատճառ հանդիսացող ռիսկի գործոնները:
Ոլորտի պատասխանատուն ներկայացրել է մարզերում իրականացվող կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային անվճար ծրագիրը, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելիչ միջոցառումները, ակտիվ շարունակվող առողջ ապրելակերպին և առողջ ծերացմանն ուղղված հանրային արշավները, որոնց նպատակը նաև կենսաձևի փոփոխությամբ` առողջության նոր մշակույթի ձևավորումն է: