Հեղեղումների հետևանքով երկաթուղու վնասման պայմաններում Հայաստան վառելիք հասցնելու համար ժամանակավոր լուծում կտրվի, երկրում բենզինի, դիզվառելիքի խնդիր չի լինի:
Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով երկաթգծի վնասման տնտեսական հետևանքների վերաբերյալ հարցին:
«Երկաթգծի մասով ունենք խնդիր, որովհետև Հայաստան եկող բենզինն ու դիզվառելիքը գալիս են երկաթուղու միջոցով: Ըստ էության, բենզինն ու դիզվառելիքը մինչև Այրում կայարան կգան, երկաթուղին դրանից հետո է վնասված: Մենք ժամանակավոր լուծում ենք գտել: Այրում կայարանի հարևանությամբ մի կամուրջ կա, որը կծառայեցվի բեռնատար մեքենաներով փոխադրումներ իրականացնելուն: Բենզինն ու դիզվառելիքն Այրում կայարանում կբեռնաթափվեն, էկոնոմիկայի նախարարությունը նմուշառումն ու լաբորատոր ստուգումը տեղում կկազմակերպի: Դրանից հետո արդեն վառելիքը բեռնատար մեքենաներով կտեղափոխվի համապատասխան վայրեր»,–նշել է նախարարը:
Նախարարը հայտնել է, որ հանդիպում է ունեցել Հայաստան վառելիք ներմուծող բոլոր ընկերությունների հետ, քննարկել ու եկել են այս լուծմանը: Իհարկե, կան լոգիստիկ խնդիրներ, ծախսի ավելացում է եղել: Նախարարը վստահեցրել է, որ ֆունդամենտալ առումով խնդիր չկա ու չի լինի:
«Հայաստանում բենզին, դիզվառելիք եղել է, կա ու կլինի»,– ասել է Պապոյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում