Հայաստանում վերականգնվել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը, կուտակված 2.5 մլն դրամի պարտքն ամբողջությամբ մարվել է:
Այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Հունվարից, ինչ ես ստանձնել եմ նախարարի պարտականությունները, մենք մի քանի հանդիպումներ ունեցել ենք հանրային մուլտիպլեքսում գործող հայաստանյան հեռուստաալիքների հետ և բոլորին տեղեկացրել ենք, որ պատրաստվում ենք առաջիկայում իրենք մասին հոգ տանել տարատեսակ մեխանիզմներով, սակայն մեզ համար կա մեկ կարմիր գիծ՝ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին վճարվող գումարները: Բոլոր այն հեռուստաալիքները, որոնք իրենց ֆինանսական պարտավորությունները չեն կատարում, հետևում է սանկցիա: Այդ սանկցիայի տակ ընկել են մի շարք հայկական հեռուստաալիքներ, և մենք ամենևին չեն ոգևորվում այդ փաստից: Դա տխուր փաստ է, որ ոլորտը բավականին ծանր վիճակում է գտնվում»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ ռուսական և որևէ այլ հեռուստաալիք, որը հանրային մուլտիպլեքսում է, ևս պետք է հետևի այդ կանոնին: Չեն կարող պատժել կամ պահանջել հայկական հեռուստաալիքներից, որ ժամկետի մեջ վճարումները կատարեն և նույնը չանել որևէ արտասահմանյան հեռուստաալիքի նկատմամբ:
«Արձանագրվել է, որ մի քանի անգամ տեղեկացնելուց հետո պարտքը չէր մարվել: Խոսքը ահռելի գումարի մասին էր, 2.5 մլն դրամ պարտք էր կուտակվել: Եվ մենք ստիպված էինք գնալ այդ քայլին: Եվ ուրախությամբ պետք է ասեմ, որ հաջորդ օրը ռուսական Առաջին ալիքն ամբողջությամբ մարեց այդ պարտքը, և հաջորդ օրը եթերը վերականգնվեց»,-ասել է Հայրապետյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում