Սերժ Սարգսյանն արդարացվեց․ դատարանը հրապարակեց վճիռը

1 Min Read

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանցակազմի բացակայության հիմքով։

Դատարանի վճռով արդարացվեցին նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Սերժ Սարգսյանի ու Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա դրված կալանքը վերացվեց։

Դատավճիռը 1 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով։ Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:

Գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Կիսվեք այս հոդվածով