Դիլիջանի թունելի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել. Ղալեչյան

2 Min Read

ՏԿԵՆ-ին 2023 թվականին հաստատված պետբյուջեից ֆինանսավորվող ծախսերի մասով 22 ծրագրում ընդգրկված 147 միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է ընդհանուր 301 միլիարդ 972 միլիոն դրամ, որից ծախսային ծրագրերով՝ 274 մլրդ 975 միլիոն դրամ, իսկ 26 մլրդ 997 միլիոն դրամը՝ դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ենթավարկերի տեսքով տրամադրվող ծրագրերի տեսքով:

Հատկացված գումարներից փաստացի ծախսվել է 296 միլիարդ 367 միլիոն դրամը, որից ծախսային ծրագրերով՝ 269 միլիարդ 953 միլիոն դրամը: Ընդհանուր կատարողականը կազմել է 98.2 տոկոս, իսկ 26 մլրդ 414 միլիոն դրամ դեֆիցիտի ֆինսանսավորման մասով կատարողականը կազմել է 97.8 տոկոս:

Այս մասին խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտնել է ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Հաշվետու տարվա կատարողականը 3.3 տոկոսային կետով ավելի բարձր է, քան նախորդ տարվա կատարողականը: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ, հաշվետու տարում ավելի է ծախսվել 46 մլրդ 649 միլիարդ դրամով կամ 20.9 տոկոսով, որից 44 մլրդ 731 մլն դրամը կամ 95 տոկոսը՝ կապիտալ ծախսերի գծով:

«Պլանավորել ենք երկու հիմնական, մեծ թունելների նոր նախագծային աշխատանքներ սկսել: Խոսքը Պուշկինի և Դիլիջանի թունելների մասին է: Բոլորս գիտենք՝ այդ թունելների վիճակը թե անտանգության, թե մյուս տեսակետից բարվոք չէ: Մենք օգտագործել ենք վարկային ծրագրերի խնայողությունները և այդ նպատակով միջազգային նախագծողին պատվիրել ենք նախագծային աշխատանքներ: Մանրամասն հետազոտություն իրականացրինք երկու թունելների մասով, այս պահին որոշում ունենք ամբողջությամբ վերականգնելու Պուշկինի թունելը»,- հայտնել է Ղալեչյանը:

Հարց է հնչել նաև թունելների անվտանգության հարցերով: Նախարարի տեղակալի խոսքով՝ Դիլիջանի թունելի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել, որով նախատեսվում է նոր թունելի կառուցում:

«Ֆինանսական, տեխնիկական գնահատումները ցույց տվեցին նոր թունել կառուցելու նպատակահարմարությունը, որի նախագծային փաստաթղթերը մենք ամենաուշը մինչև տարեվերջ կունենանք: Պլանավորում ենք միջազգային ծրագրերով իրականացնել այս երկու թունելի շինարարությունը: Թունելների վերակառուցման կամ կառուցման, անվտանգության բարձր ստանդարտներ ենք որդեգրել: Դրանք կառուցել և վերակառուցելու ենք ԵՄ-ի թունելների անվտանգության չափանիշներին համապատասխան՝ ամբողջությամբ վերանայելով օդափոխության, հակահրդեհային, լուսավորության համակարգը»,- ասել է նա: 

Նրա տեղեկացմամբ՝ հաջորդ տարվա բյուջեով պլանավորվել են այս ծախսերը:

«Սա մեր առաջիկա առանցքային ծրագրերից է»,- նշել է փոխնախարարը:

Կիսվեք այս հոդվածով