Տարեկան 36 մլրդի եկամուտ ենք կորցնում․ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Բյուջեի հավաքագրումների մասով իրապես եթե դիտարկենք պետական բյուջեի օրենքով սահմանված եկամտային ցուցանիշները, կան հարկային խնդիրներ, այդ խնդիրները, բնականաբար, ամեն ամսվա ամփոփումից հետո վերլուծվում են, և որոշակի հաշվարկներ են կատարվում ռիսկերի մասին:

Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, որը վերաբերում էր 2024 թվականի բյուջեի հավաքագրումներին:

«Ես հիմա թվեր, ձեր թույլտվությամբ, չհնչեցնեմ, որովհետև այս տարի բավական տարատեսակ ազդեցությունների ներքո այդ թվերը հաճախ փոխվում են և շատ արագ: Խնդիրը, իմ կարծիքով, այն է, որ տնտեսության կառուցվածքում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք նպաստել են ոչ հարկունակ ոլորտների շեշտակի ավելացմանը, և նվազել է հարկունակ ոլորտների պոտենցիալը: Հիմնական խնդիրը դա եմ դիտարկում»,- ասել է Բադասյանը:

Նրա խոսքով՝ այդպիսին է շինարարության ոլորտը, որը հարկունակ ոլորտ է, սակայն տվյալ տարում չի բերում հարկային եկամուտներ: Շինարարության ոլորտը ստաբիլ աճում է և իր պիկին հասել է 2022-2023 թվականներին, բայց քանի որ շինարարության ոլորտում հարկը հավաքագրվում է բնակարանների վաճառքից, իսկ դրանց վաճառքը շինարարությունը սկսելու պահից անցնում է մեկուկես-երկու, երեք տարի անգամ, և ԱԱՀ-ն այդ անվանական աճից հավաքում են ավելի ուշ:

«Այսինքն՝ անցած տարի կամ այս տարի մենք շինարարությունից հավաքում ենք 2018, 2019, 2020, 2021 թվականների անվանական աճի ԱԱՀ-ի կրեդիտները, բայց այս վերջին տարիների անվանական աճը ճնշում է մեր ԱԱՀ-ի դեբետների ավելացումը, և, բնականաբար, ԱԱՀ-ի վերադարձը: Օրինակ՝ անցած տարի 45 մլրդ ենք շինարարության ոլորտում վերադարձրել ոլորտի ներկայացուցիչներին, այս տարվա առաջին եռամսյակում արդեն 14 մլրդ դրամ ենք վերադարձրել: Այսինքն՝ այս միտումը շարունակվում է: Բնակաբանար, ոսկու մասին է շատ խոսվում, դրա ոչ հարկունակ լինելու, այսինքն՝ այս փոփոխություններն են, որ հընթացս բերում են ճշգրտումների»,- նշել է ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ պետք է տարին ամփոփվի, ինչ-որ մի ժամանակահատված ամփոփվի, դուրս հանվեն դրա անվանական աճը, դրա հարկունակությունն ու ոչ հարկունակությունը, այնուհետև գնահատենք ստվերը:


Պետբյուջեի եկամուտներն ավելացել են շուրջ 15.4 տոկոսով. ՊԵԿ նախագահ


 

Կիսվեք այս հոդվածով