Պետբյուջեի եկամուտներն ավելացել են շուրջ 15.4 տոկոսով. ՊԵԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Պետբյուջեի եկամուտներն ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով: Այս ավելացման մեջ էական դեր ունի հարկային վարչարարությունը:

Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա նշել է, որ վերջին երեք տարիներին ստվերը կրճատվել է, 2023-ին իրականացվել են 2022 թվականի ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտային հարկի հարկային ճեղքի գնահատումներ, և պարզվել է՝ հարկային ճեղքը կազմում է ՀՆԱ-ի 3.06 տոկոսը, ինչը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 0.5 տոկոսային կետով:

Բադասյանը հայտնել է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կկազմի 23.9 տոկոս, ինչը եթե հիփոթեքային եկամտային հարկի վերադարձն էլ ներառվի հաշվարկում, 0.84 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից:

«Հարկ վճարողներին վերադարձվել է 363 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է շուրջ 100 մլրդ դրամով: Ավելացված արժեքի հարկի մասով կազմում է 75,4 մլրդ դրամ, կամ 35 տոկոս է եկամտային հարկը, 29 մլրդ դրամով կամ 44 տոկոսով է աճը, ակցիզային հարկը՝ 3,5 մլրդ դրամով է կամ շուրջ 200 տոկոսով»,- հայտնել է Բադասյանը:

Արդիականացվել են մաքսային սահմանի անցման կետերը, մասնավորապես, կառուցվել է Մարգարայի անցակետը, ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի աջակցությամբ արդիականացվում է Մեղրիի սահմանային անցման կետը, իրականացվել է Գոգավանի անցման կետի նորոգում, շարունակվում են Բագրատաշենի անցման կետի ընդլայնման և արդիականացման աշխատանքները:

2023 թվականի տարեվերջին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.726, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 37.306-ով կամ 5.3 տոկոսով: Միջին ամսական եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 40.6 մլրդ դրամ, ինչը 2022-ի նույն ցուցանիշից ավելի է 5.7 մլրդ դրամով:


Որքան է կազմել եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը


 

Կիսվեք այս հոդվածով