Հայաստանի տնտեսության բնորոշ գծերից է կախվածությունը տրանսֆերտներից՝ գումարներից, որոնք արտերկրից ուղարկվում են Հայաստան։ Այս գումարներն օգնում են երկրում վճարունակ պահանջարկ ապահովելու հարցում։
Հետազոտողների մի մասը ֆինանսական ռեսուրսներից կախվածությունը ներկայացնում է բացասական, մյուսները` դրական լույսի ներքո։ Մեր պատկերացմամբ դրամական փոխանցումներից կախվածության ազդեցությունը տնտեսության վրա դիտարկելու համար պետք է ուսումնասիրել հարցը տարբեր կողմերից և ընտրել այն օպտիմալ տարբերակը, որի դեպքում տնտեսությունում ձևավորված հավասարակշռությունը հնարավոր կլինի պահպանել հնարավորինս երկար։
Փաստենք, որ Հայաստան մտնող գումարներին զուգահեռ, նաև տեղի է ունենում որոշակի ծավալների գումարների արտահոսք։ Իրավիճակն առավել պատկերավոր նկարագրելու համար դիմենք ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված վիճակագրական տվյալների օգնությանը․
Վիճակագրական տվյալների օգնությամբ կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2024թ․ առաջին եռամսյակում կազմել են $1․2 մլրդ։ Նկատենք, որ այս գումարների միայն 19%-ն են կազմում ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումները։
2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ ՀՀ մուտք եղած գումարների ծավալները նվազել են 23%-ով։ Մյուս կողմում են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկիր փոխանցված գումարները, որոնց ծավալները 2024թ․ առաջին եռամսյակում կազմել են $936․2 մլն, որի 12%-ը ոչ առևտրային նպատակով փոխանցված գումարներն են։
Հաշվարկները ցույց են տալիս, որ 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկիր փոխանցված գումարների ծավալները նվազել են 9%-ով։
2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալների կեսից ավելին կամ մոտ $601 մլն-ը փոխանցվել է ՌԴ-ից։
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկիր փոխանցված գումարների ծավալներով առաջին հորիզոնականում է Արաբակաան Միացյալ Էմիրությունները, որտեղ փոխանցվել է մոտ $177 մլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում