Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը համարակալված չէ՝ ի տարբերություն խոշոր եղջերավոր կենդանիների: Ըստ այդմ՝ երբ Վիճակագրական կոմիտեն տարին մեկ անգամ պաշտոնապես հրապարակում է մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, այն սիրողական է, ոչ ճշգրիտ, մոտավոր հաշվարկների հիման վրա, և կա վիճակագրական ակնհայտ շեղում:
Այդ մասին Կառավարության՝ մայիսի 30-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մանր եղջերավոր կենդանիների համարակալմանն առնչվող որոշման նախագիծը:
«Մանր եղջերավոր կենդանիների համարակալման բյուջեով սկզբի համար 1 միլիոն դրամ ենք հաշվարկել, հետագա տարիներին քանակը կիջնի, որովհետև սկզբի համար պետք է կենդանիների ամբողջ քանակի վրա ականջապիտակներ կպցնենք, որը մոտավորապես 1 մլն գլուխ է, այսինքն՝ երկու ականջների դեպքում 2 մլն է»,- ասաց նախարարը:
Ըստ Պապոյանի՝ նախատեսվում է նաև գնել ռադիոհաճախականությունը գրանցող սարքեր: «Հանրապետության ամբողջ տարածքում ակնկալվում է ապահովել խոշոր եղջերավոր կենդանիների և մանր եղջերավոր կենդանիների տեղաշարժի վերահսկումը, հետագծելիության բարելավումը, նախիրների կառավարումը և տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը»,- տեղեկացրեց Գևորգ Պապոյանը:
2025-ին՝ որոշման նախագծի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում է համարակալել և հաշվառել 1 մլն մանր եղջերավոր անասուն, 2026-ին՝ 700 հազար, հետագա տարիներին թիվը կնվազի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում