Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հավասարաչափ աճ, ֆինանսներ և հաստատություններ (EFI) փոխնախագահության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը։
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը, Ռաֆայել Գևորգյանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը։
Կողմերն անդրադարձել են առևտրի ծավալների ավելացմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանն առնչվող հարցերի։
«Ամրապնդելով մեր առևտրային ենթակառուցվածքները և նվազեցնելով խոչընդոտները՝ մենք կարող ենք բարելավել մեր մրցունակությունը համաշխարհային հարթակներում»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական հնարավորությունների զարգացմանը, ներառական տնտեսական աճի սահմանված թիրախներին հասնելու համատեքստում հանրային ու մասնավոր ներդրումների ներգրավմանը, կրթական ոլորտի արդիականացմանը, աշխատաշուկայի ձևավորմանը նպաստելուն վերաբերող հարցերի։
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածությանը, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը առնչվող թեմաներ։
Պատվիրակությանը ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ երկրի առաջընթացի համար նախատեսվող հնարավորությունները։