2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին:
Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը և տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23.4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.7 տոկոսային կետով:
Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, ծախսերն ու պակասուրդը:
Պետբյուջեի պակասուրդը պլանավորվածից 1.1 տոկոսային կետով ցածր է եղել. նախարար
2023 թվականին գործադիրը շարունակել է իրականացնել տնտեսական ներուժի բարձրացմանը, առանձին ոլորտներում առաջացող հիմնախնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալական կարիքներին ուղղված հարկաբյուջետային աջակցության ծրագրեր:
Պահպանվել է կապիտալ ծախսերի դերի շարունակական բարձրացման միտումը: Կապիտալ ծախսեր/ ՀՆԱ ցուցանիշը համախառն ներքին արդյունքում հասել է 5 տոկոսի` թույլ տալով պատշաճ ֆինանսավորել անվտանգային և կենսական նշանակության ենթակառուցվածքային ծրագրերը:
Ըստ զեկուցողի` տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում իրականացվել է ամբողջական պահանջարկը զսպող քաղաքականություն:
«Չնայած ստեղծված մարտահրավերներին` 2023 թվականի բարձր տնտեսական աճը եւ հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովել ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում: ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 2 տոկոս` նախորդ տարվա համեմատ նվազելով 0,1 տոկոսային կետով»,- ընդգծել է նախարարը ևհավելել, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.1 տոկոս` նախորդ տարվա նկատմամբ աճելով 1.4 տոկոսային կետով:
Զեկուցողի խոսքով 2023 թվականին զգալիորեն դանդաղել է գնաճը` տարեսկզբից միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների հետեւանքով:
Փոխանցումների անկում է նկատվել․ նախարարը ներկայացրեց՝ ինչով է դա պայմանավորված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում