ՀՀ-ի այն հատվածներում, որտեղ իրականացրել ենք սահմանազատում, ունենք անվտանգության ամենաբարձր երաշխիքը։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, որ սահմանագիծն անցնելու է Կիրանցի դպրոցի անմիջական հարևանությամբ, Փաշինյանը հայտարարել է, որ եթե հարկ լինի, ներողություն խնդրելով, Կիրանցում նոր դպրոց կկառուցեն։
«Կիրանցում դպրոցի հարցն աշակերտների ծնողների հետ կքննարկենք: Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, մեր սիրելի ծնողներին բավարար չի թվա, ներողություն խնդրելով, գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք: Իսկ այդ դպրոցը կամրացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը»,– ասել է վարչապետը:
Ինչ վերաբերում է սահմանազատման հատվածներում համայնքների բնակիչների փոխհատուցումների ծրագրերին, ապա Փաշինյանը մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ դրանք գաղտնի որոշումներով են կայացվում, քանի որ պարունակում են շահառուների անհատական տվյալներ։