12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից զգալիորեն ցածր մակարդակում. ԿԲ նախագահ

2 Min Read

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է բյուջեի կատարողականի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանի մակրոմիջավայրին:

Նշել է, որ աշխարհաքաղաքական լարվածությունների աճով և զգալի անորոշությունների ուղեկցմամբ 2023 թվականին համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում, չնայած տնտեսական աճի դանդաղման ռիսկերի պահպանմանը, ընդհանուր առմամբ, սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն է արձանագրվել:

Դրական զարգացումներ են արձանագրվել նաև Հայաստանի տնտեսությունում, թեև արտաքին բարձր պահանջարկի աստիճանական նվազման հետևանքով տնտեսական աճի տեմպերը որոշակիորեն դանդաղել են, սակայն շարունակում են մնալ բարձր: Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը նպաստել են դեպի Հայաստան աշխատուժի, ֆինանսական և կապիտալ ներհոսքի, զբոսաշրջության զգալի աճի, ինչպես նաև ՀՀ-ից արտահանման պահանջարկի ավելացման միտումները:

Նշվածի արդյունքում 2023 թվականին տնտեսական աճը գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը` կազմելով 8.7 տոկոս:

«Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2023 թվականին ՀՀ-ում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է, ինչին հիմնականում նպաստել են ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները եւ դրամի արժեւորումը: Արդյունքում, ապրիլից սկսած` 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից զգալիորեն ցածր մակարդակում»,- ասել է զեկուցողը:

Նա անդրադարձել է նաև հարկաբյուջետային քաղաքականությանը: Մարտին Գալստյանը, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականին այն կրել է հակացիկլիկ, զսպող բնույթ:

Մարտին Գալստյանը հաջորդիվ անդրադարձել է Կենտրոնական բանկի վարչական ևկապիտալ ծախսերին: 2023 թվականին Կենտրոնական բանկի վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 10 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 8.6 մլրդ դրամ, կամ մոտ 86 տոկոս:

2023 թվականին վարչական ծախսերի կատարողականի 99 տոկոսը կազմել է ապարատի պահպանման ծախսերը, որի կատարողականը կազմել է 86 տոկոս կամ 8.5 մլրդ դրամ: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև այլ ցուցանիշներին, ԿԲ-ի` առավելապես փորձառու աշխատակիցների արտահոսքին, ինչը պայմանավորված է համակարգում ոչ մրցունակ աշխատավարձերով: Նշվել է, որ կապիտալ ծախսերի կատարողականը հաշվետու տարում կազմել է 1 մլրդ դրամ:


Հիփոթեքային վարկեր, ավտովարկեր տրվում են արտարժույթի պատրվակով․ չարաշահումներ են․ ԿԲ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Կիսվեք այս հոդվածով