Երբ մենք խոսում էինք կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարման մասին, կարող ենք արձանագրել, որ այդ թերակատարումը հաղթահարված է, որովհետև վերջին 3 տարիներին մենք ունենք բավականին բարձր կատարողականներ:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2023 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Եթե 2021 թվականին ունենք 92.5 տոկոս, 2022-ին՝ 94.9, այժմ այդ ցուցանիշը ևս բարելավել ենք և ունենք 95.8 տոկոս կատարողական: Այստեղ կարևոր է ոչ միայն կատարողականի տոկոսը, այլև բացարձակ թիվը: Մենք, ընդ որում, ունեցել ենք 105 մլրդ դրամ կապիտալ ծախսերի աճ»,- ասել է նա:
Վահե Հովհաննիսյանը նաև պարզաբանել է, որ կապիտալ ծախսերի աճը պայմանավորված է պաշտպանության ապահովման, ճանապարհային ցանցի բարելավման, քաղաքային զարգացման, ոռոգման համակարգի առողջացման, դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան շենքի ձեռքբերման նպատակով կատարված ծախսերի աճով:
Օրինակ՝ ճանապարհային ցանցի բարելավման նպատակով լրացուցիչ 24.4 մլրդ դրամի ծախս է արվել, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան շենքի ձեռքբերման նպատակով՝ 8.5 մլրդ դրամի, քաղաքային զարգացման նպատակով՝ 8.6 մլրդ դրամի:
Փոխանցումների անկում է նկատվել․ նախարարը ներկայացրեց՝ ինչով է դա պայմանավորված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում