ՀՆԱ–ի համեմատությամբ ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2022 թ. համեմատ նվազել է 0.1 տոկոսով` կազմելով 2 տոկոս։
Ազգային ժողովում «ՀՀ 2023 թ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` 2023 թ. պետական բյուջեի պակասուրդը պլանավորվածից 1.1 տոկոսային կետով ցածր է եղել։
«2023 թ. ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում իրականացվել է ամբողջական պահանջարկը զսպող քաղաքականություն։ Եվ նաև դա է ապահովել ՀՆԱ–ի համեմատ պետական բյուջեի պակասուրդի նվազումը»,– նշել է նա։
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշին, Հովհաննիսյանն ասել է, որ այն կազմել է 48.1 տոկոս` 2022 թ. համեմատ աճելով 1.4 տոկոսային կետով, սակայն կանխատեսվածից ցածր է եղել 1.7 տոկոսային կետով։