Փաստաբանական ծառայությունները կթանկանա՞ն․ հարկերի ավելացման հնարավոր հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

9 Min Read

2025թ. հունվարի 1-ից փաստաբանական և նոտարական գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ Դրանք պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի համակարգ։

«Եթե այստեղ կան գործունեության տեսակներ, որոնք չեն բնութագրվում միկրոձեռնարկատիրության կամ փոքր ձեռնարկատիրության հատկանիշներով, որովհետև այդչափ պարզունակ չեն և իրենց բնույթով ըստ էության աչքի են ընկնում շահութաբերության որոշակի բարձր աստիճանով, տեղափոխվեն ավելի արդար հարկման միջավայր՝ արդյունքից կախված միջավայր»,-նշում է Ֆինանսների փոխնախարարը։

Նախագծի համաձայն` նոտարական, փաստաբանական և վիճա­կա­խա­ղերի գոր­ծու­նեու­թյամբ զբաղվողները 5 % շրջանառության հարկի փոխարեն կվճարեն 10 %, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հարկադրված կլինեն գործել հարկման ընդհանուր համակարգում և վճարել 20 % ավելացված արժեքի հարկ։ Հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում նոտարները, փաստաբանները և խաղատները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 %:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս նախագծով փորձ է արվել փաստաբանությունը նույնականացնել առևտրային գործունեության հետ։ 

Փաստաբանությունը նաև իրավապաշտպան գործունեություն է, և բազմաթիվ քաղաքացիներ, կազմակերպություններ օգտվում են իրավաբանական այս ծառայությունից նույնիսկ անվճար հիմունքներով, ինչը էականորեն, փաստորեն, սահմանափակվում է այս նախաձեռնությամբ, և ստիպված են լինելու փաստաբանները, փաստորեն, անվճար ծառայություն մատուցելու դիմաց վճարել լրացուցիչ գումարներ, որն անտրամաբանական է,- նշում է Մինասյանը։ 

Համայնքների ներկայացուցիչները դժգոհում են ներկայացված նախագծից։ Վերջերս  փաստաբանները բողոքի ակցիա էին անցկացնում՝ հրաժարվելով պաշտպանություն իրականացնել դատարաններում և այլ կառույցներում։ Փաստաբանական ծառայությունների համար հարկային բեռի անհարկի և էական ավելացումն ուղիղ ազդեցություն է ունենալու փաստաբանական ծառայությունների գնագոյացման վրա՝ շատերին զրկելով իրենց նախընտրած փաստաբանի կողմից որակյալ իրավաբանական ծառայություններ ստանալու հնարավորությունից: Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ 

– Ինչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ առաջարկվող օրենսդրական փոփոխություններն անհատ փաստաբանների ու փաստաբանական ընկերությունների վրա։
– Նախագծով առաջարկվող կարգավորումներն անհրաժեշտ է դիտարկել նախևառաջ յուրաքանչյուրի՝ միջազգային պայմանագրերով և ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի համատեքստում, քանի որ փաստաբանական ծառայությունների համար հարկային բեռի անհարկի և էական ավելացումն ուղիղ ազդեցություն է ունենալու փաստաբանական ծառայությունների գնագոյացման վրա՝ շատերին զրկելով իրենց նախընտրած փաստաբանի կողմից որակյալ իրավաբանական ծառայություններ ստանալու հնարավորությունից:
Սրանով է հենց պայմանավորված, որ մի շարք միջազգային փաստաթղթերում փաստաբանների հարկման հետ կապված հարցերը դիտարկվում եմ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի «Քրեական արդարադատության համակարգերում իրավաբանական օգնության հասանելիության սկզբունքների ու ուղեցույցների» 56-րդ կետի ա) և բ) ենթակետերի համաձայն՝ Պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն.
ա) Խրախուսելու իրավաբանական և փաստաբանական միություններին անվճար իրավաբանական օգնության ցուցաբերման հարցում՝ առաջարկելով տարբեր ծառայություններ, այդ թվում՝ pro bono,
բ) սահմանելու համար խթաններ՝ որպեսզի փաստաբաններն աշխատեն տնտեսապես և սոցիալապես «ոչ շահավետ» ոլորտներում (օրինակ՝ հարկերից ազատում, կրթաթոշակներ, ճանապարհորդություններ և ապրուստի նպաստ):
Հենց այս սկզբունքներով է պայմանավորված եղել փաստաբանական գործունեության համար հարկման առանձնահատուկ կանոնների նախատեսումը, որոնք ներկայացված նախագծով, առանց որևէ հիմնավորման և հակառակ միջազգայնորեն ճանաչում ստացած սկզբունքների, վերացվում են՝ իրավապաշտպան գործունեությունը հավասարեցնելով խաղատնային բիզնեսին:
Ամփոփելով փաստենք, որ փաստաբանական ծառայություններ մատուցող սուբյեկտների հարկային բեռը ներկայիս համեմատ կտրուկ և անհամաչափ աճելու է, ինչը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների իրական ինքնարժեքի զգալի աճին, ըստ այդմ` փաստաբանական ծառայությունների կտրուկ գնաճին:
–  Ինչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները քաղաքացիների վրա։ 
– Ակնառու է, որ փաստաբանական ծառայությունները հատկապես քաղաքացիների համար դառնալու են էապես դժվար հասանելի և/կամ մատչելի, խաթարվելու է իրավաբանական օգնության հանրամատչելիությունը հատկապես նյութական ապահովության ոչ բարձր մակարդակ ունեցող քաղաքացիների համար, ովքեր այլևս ի զորու չեն լինելու իրականացնել սեփական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը փաստաբանական ծառայությունների միջոցով: Նշվածի հետևանքով պարբերաբար տեղի է ունենալու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` դատական պաշտպանության, արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների խախտում, և բացի դա` հատկապես մրցակցային դատավարությունում, ինչպիսին բնորոշ է քաղաքացիական դատավարությանը` դատական գործերի ելքը մեծապես պայմանավորվելու է կողմերի սոցիալական վիճակով, քանզի շատանալու են դեպքերը, երբ կողմերից մեկը հնարավորություն ունի օգտվել փաստաբանական ծառայություններից ու ստանալ պրոֆեսիոնալ իրավաբանական օգնություն, իսկ հակառակ կողմն այդպիսի հնարավորություն չունի և այդպիսով մյուս կողմի համեմատ հայտնվելու է նվազ բարենպաստ իրադրությունում:
Հատկանշական է, որ միայն 2022 թվականին (2023 թվականը դեռևս ամբողջությամբ ամփոփված չէ) ընդհանուր առմամբ դատարան ներկայացված և քննված գործերի վիճակագրական տվյալների հանրագումարը կազմում է թվով 257.204 գործ, ընդ որում՝ նշված թվաքանակի մեջ ներառված չէ նախորդ տարիներից դատարաններին փոխանցված գործերը, և դա ընդամենը գործերի քանակական ցուցանիշն է: Նշված գործերի մասնակիցներ հանդիսանում են հայցվորը(ները) և պատասխանողը(ները), մեղադրյալը(ները) և տուժողը(ները), երրորդ անձինք և վկաները, դիմողները հատուկ վարույթներով և այլոք: Ավելին այդ թվաքանակի մեջ ներառված չէ նաև մինչդատական վարույթի մասնակիցների, հաշտությամբ ավարտվող վեճերի վերաբերյալ տվյալները, ովքեր ևս օգտվում են փաստաբանական ծառայություններից: Այս ամենը սուբյեկտների նվազագույն թվական ցուցիչն է:
Պակաս կարևոր չէ նաև ազգաբնակչության ոչ բավարար գնողունակությունը, որպիսի պայմաններում առաջարկվող փոփոխություններով փաստաբանական ծառայությունների գների անխուսափելի բարձրացումը, վերջին հաշվով, հարվածելու է նախ և առաջ միջին վիճակագրական քաղաքացիների շահերին, ովքեր կզրկվեն որակյալ իրավաբանական ծառայություններ ստանալու հնարավորությունից։
Նախագիծ մշակողն այս ոլորտում ընդհանրապես ուսումնասիրություն չի կատարել:
Կրկին անդրադառնալով նախագծի ընդունման դեպքում քաղաքացիների համար փաստաբանական ծառայությունների գների թանկացմանը՝ պետք է փաստել, որ փաստաբանական գրասենյակն իր կողմից գնահատված ծառայության գումարին ստիպված ավելացնելու է առնվազն 20 % ավելացված արժեքի հարկը, որը փոխանցելու է պետությանը: Փաստաբանական գրասենյակը, ելնելով իր ծառայության բնույթի առանձնահատկությունից, ԱԱՀ ներառող ծախսեր կատարելու լայն հնարավորություն չունի, որպեսզի հաշվանց կատարի: Հետևաբար ԱԱՀ-ի գումարը պետք է փոխանցի պետական բյուջե:
Ստացվում է քաղաքացին իր իրավունքների պաշտպանության համար պետք է պարտադիր վճարում կատարի պետությանը, նույնիսկ այն պարագայում երբ մատուցվող փաստաբանական ծառայությունը փաստաբանի կողմից տրամադրվում է անվճար հիմունքներով:
– Կարո՞ղ է հարկման առաջարկված մոդելը բերել ընկերությունների գործունեության դադարեցման։ 
– Սահմանված կարգավորումները կյանքի կոչելու պարագայում բազմաթիվ ընկերություններ և առհասարակ անհատ ձեռնարկատերեր հայտնվելու են չափազանց անշահավետ վիճակում հարկային ծանր բեռի տակ ճգնելով:
Նորաստեղծ ընկերությունները կամ անհատ ձեռնարկատերերը շատ հաճախ ի զորու չեն լինելու հաղթահարել կայացման ճանապարհին վրա հասած պետության չափազանց խիստ հարկային քաղաքականությունը: Ստացվում է, որ այլոց իրավունքների պաշտպանության առաքելությունը ստանձնած անձը հենց ինքն է ունենալու պաշտպանության կարիք:
Փաստաբանները, լրացուցիչ փաստաթղթաշրջանառությամբ պայմանավորված, ներքաշվելու են բյուրոկրատական խրթին ընթացակարգերի մեջ։ Պետության նման քաղաքականությունը, ունենալու է բացասական ազդեցություն փաստաբանների կենսաապահովման մակարդակի, գործունեության մոբիլության և անկաշկանդության վրա՝ այդպիսով ազդելով որակյալ իրավաբանական օգնություն տրամադրելու փաստաբանների շարունակական մոտիվացիայի վրա։
  Վերջնարդյունքում կունենանք փաստաբանությամբ զբաղվողների թվաքանակի կրճատում, մատուցվող ծառայությունների գների բարձրացում և (կամ) ծառայությունների որակի վատթարացում, փաստաբան դառնալու ցանկություն ունեցող անձանց թվի միանշանակ կրճատում:
– Վերջերս փաստաբանական համայնքը 1 օր գործադուլ հայտարարեց։ Ի՞նչ արձագանքներ կան պետական մարմինների կողմից։
– 2024 թվականի մայիսի 21-ին ՀՀ փաստաբանները ձեռնամուխ եղան բողոքի ակցիայի իրականացմանը՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:
Նշված օրը ՀՀ փաստաբանների պալատում անցկացվեց մամլո ասուլիս, որը լուսաբանվեց մի շարք լրատվամիջոցների կողմից, սակայն փաստը և պետական մարմինների արձագանքը մեկն էր՝ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկվող օրենքի նախագիծը, թեև հրապարակավ հայտարավեց, որ առաջին ընթերցումից մինչև երկրորդ ընթերցում ընկած սուղ ժամանակահատվածում իրենք պատրաստակամ են կազմակերպել հանդիպում-քննարկում նախագծի շահառու հանդիսացող կողմերի, այդ թվում փաստաբաններիս հետ:
-Արդյո՞ք հանդիպման, քննարկման առաջարկներ եղել են նրանց կողմից։
Այս հարցին անդրադառնալով՝ կցանկանայի նշել, որ մինչև կառավարության կողմից նախագծին հավանություն տալը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում քննարկում էր տեղի ունեցել ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և այլ պատգամավորների հետ:
Հանգամանալից ներկայացվել էր նախագծի առնչությամբ մեր դիտարկումները և պայմանավորվածություն էր ձեռք բերվել կրկին հանդիպել նախագծի լրամշակման ուղղությամբ աշխատանքներ ծավալելու նպատակով, սակայն ի զարմանս, խախտելով ձեռքբերված համաձայնությունը նախագիծն առանց փոփոխության ենթարկվելու հաստատվեց Կառավարության կողմից, քննարկվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և կրկին հավանության արժանացավ, ինչպես նաև ընդունվեց Աժ կողմից առաջին ընթերցմամբ:
Հատկանշական է, որ մինչ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին գրությամբ ներկայացրել էինք մեր առարկությունները և խնդրել հաշվի առնել դրանք, ինչպես նաև մեզ մասնակից դարձնել գլխադասային հանձնաժողովի նիստին:
Ներկայացված խնդրանքը մնաց անպատասխան և զարմանալին այն է, որ ինչպես հանձնաժողովի նիստում, այնպես էլ առաջին ընթերցման ժամանակ նույնիսկ հայտարարվեց, որ նախագծի առնչությամբ որևէ դիտարկում ներկայացված չէ:
Ամփոփելով հարցը` նշեմ, որ հանդիպման ու քննարկման որևէ առաջարկ չենք ստացել, թեև հաշվի առնելով արված հայտարարությունները չենք բացառում, որ նման առաջարկ կլինի:
  • Նշենք, որ առաջարկված նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ։ Օրենսդիրն այն դեռ պետք է քննարկի երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու համար։ 
TAGGED:
Share This Article