Արմեն Արզումանյանը մասնակցել է հայ-իրանական գործարար համաժողովին

2 Min Read

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Սեպտեմբերի 1-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի և Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակցող իրանական ընկերությունները ցանկություն են հայտնել հայկական ընկերությունների հետ համագործակցել հատկապես շինանյութի, կոշիկի արտադրության, գորգագործության, սննդի (մասնավորապես՝ կաթնամթերքի) արդյունաբերության և այլ ոլորտներում։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական և գործարար փոխգործակցության ակտիվացումը։

«Հայ-իրանական հարաբերությունները ամենատարբեր բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա և հեռանկարում կողմերը կարող են ապահովել մի շարք համատեղ նախաձեռնությունների և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը», – նշել է Արմեն Արզումանյանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցությանը վերաբերող մի շարք վիճակագրական տվյալներ։ Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում 2022 թ․ հունիսի 30-ի դրությամբ գրանցվել  է իրանական կապիտալի մասնակցությամբ 6565 ձեռնարկություն։

Արմեն Արզումանյանը նաև փաստել է, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար–հունիս ժամանակահատվածի համար կազմել է մոտ 307 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,3%–ով։

«Մենք ակնկալում ենք, որ 2022 թ․ երկրորդ կիսամյակում կունենանք Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելի ինտենսիվ աճ և փորձում ենք ստեղծել բոլոր նախադրյալները այդ նպատակին հասնելու համար», – նշել է նախարարի տեղակալը։

Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամն իր խոսքում նշել է, որ պատվիրակության այցի կարևորագույն նպատակն է որպես Հայաստանին սահմանակից նահանգ զարգացնել Արևելյան Ատրպատականի հարաբերությունները հայկական կողմի հետ և մեծացնել արտահանման ծավալները Հայաստանի հետ՝ նպաստելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանը։

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքում երկու կողմերի գործարարները կգտնեն գործակցության նոր ուղիներ, գործնական պայմանավորվածություններ ձեռք կբերեն։

Share This Article
1 Comment