Neuralink-ի չիպը կրող առաջին մարդը պատմել է, թե ինչպես է այն օգտագործում

2 Min Read

Ամերիկյան Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերության չիպը կրող առաջին մարդը՝ Նոլանդ Արբոն, պատմել է, որ այն կարող է օգտագործել գրեթե ամեն օր՝ առավոտից երեկո։

Այս մասին Արբոն խոսել է Business Insider-ին տված հարցազրույցում,- գրում է РБК-ն։

Նա ասել է, որ օգտագործում է չիպը՝ X սոցիալական ցանցում հաղորդագրություններ ուղարկելու, նամակներին պատասխանելու, կոմիքսներ կարդալու և մի կայք մուտք գործելու համար, որոնց միջոցով ճապոներեն է սովորում: Տղամարդն այն օգտագործել է նաև հյուրանոցում սենյակ ամրագրելու համար, երբ այցելել է Neuralink-ի կենտրոնակայան:

«Մի օր ես քնեցի այն օգտագործելիս, և կուրսորը շարժվեց, երբ ես քնած էի: Մոտ հինգ րոպե քնեցի, և երբ արթնացա, համակարգչում մոտ 10 տարբեր հավելվածներ էին բացված»,- պատմել է Արբոն։

Նա պատմել է նաև, որ երբեմն իր օրը սկսվում է առավոտյան ժամը 7-ին, և իմպլանտն օգտագործում է մինչև երեկոյան ժամը 23.00-ն:

Նրա խոսքով՝ չիպն ուսումնասիրելու համար օրական չորսից ութ ժամ է ծախսում ոլորտի մասնագետների հետ։ Նա նշել է, որ դա անհրաժեշտ է չիպի աշխատանքի սխալները հայտնաբերելու և վերացնելու համար: Արբոնը նաև հայտնել է, որ չիպի իմպլանտացիան թույլ է տվել նրան բարելավել իր կյանքի որակը և դառնալ ավելի անկախ:

«Ես զգում եմ, որ իմաստալից աշխատանք եմ կատարում: Ես զգում եմ, որ այն, ինչ անում եմ ամեն օր, հավերժ ազդելու է մարդկանց վրա, և դա բավական է ինձ մշտապես ​​լավ տրամադրություն ունենալու համար»,- ասել է նա։

30-ամյա Արբոն ութ տարի առաջ կաթվածահար է եղել: Հունվարի վերջին Արբոյի ուղեղում տեղադրվել է իմպլանտը: Այն իրենից ներկայացնում է պարկուճ-ընդունիչ, որը լսողական սարքի նման ամրացվում է ականջի ետևում, որտեղից դեպի ուղեղ են գնում էլեկտրոդներ. դրանք չորս անգամ ավելի բարակ են, քան մարդու մազը։

Տղամարդը համաձայնել է, որ նեյրոչիպը մնա իր ուղեղում մեկ տարի, որից հետո կորոշվի ապաակտիվացնել կամ հեռացնել այն։ Արբոն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, կցանկանա պահպանել չիպը և նույնիսկ թարմացնել նոր տարբերակը, երբ այն հասանելի դառնա:

 

Կիսվեք այս հոդվածով