Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական միջոցները հատկացվել են, համաձայնագրերը վավերացվել են: Հատկացվել են նաև 171 ավտոբուսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, դրանք ևս նախատեսված ժամկետում կլինեն Երևանում։
Այս մասին զեկուցվել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև 18 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացին։
«Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը։ Որքան էլ ցավով պետք է նշեմ, այնուամենայնիվ, ես չեմ պատկերացնում միջազգային մեր գործընկերների կամ կառավարության հետ 18 մետրանոց ավտոբուսների գնումները կազմակերպել սեղմ ժամկետներում, հետևաբար, ես առաջարկում եմ թեկուզ փուլային, բայց Երևանի բյուջով նախատեսել հաջորդ տարվանից սկսած 18 մետրանոց ավտոբուսների գնումը»,- ասել է նա։
Քաղաքապետը հանձնարարել է նաև սկսել տեխնիկական նկարագրի պատրաստությունը.
«Ոնց հասկանում եմ, ավտոբուսների մասով առաջ չենք շարժվում, և 18 մետրանոցները նույնպես Երևան քաղաքի բյուջեով պետք է գնենք»։
Նա նշել է, որ հասարակական տրանսպորտի բարեփոխումները պետք է ավարտին հասցնել, ինչի համար պետք է ևս 250 հատ 18 մետրանոց ավտոբուս:
«Մենք այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու, ինչ էլ լինի, պետք է կազմակերպենք աշխատանքները, թեկուզ փուլային, թեկուզ մի քիչ դժվարություններով, բայց պետք է իրականացնենք»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այս խնդիրը առաջնահերթ է Երևանի համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում